«Բաց երկնքի քաղաքականության արդյունքներն արդեն տեսանելի են». Արման Խաչատուրյան
«Հայաստանի կառավարության կողմից որդեգրված բաց երկնքի քաղաքականության արդյունքներն արդեն տեսանելի են՝ ավիաթռիչքների, սպասարկման աշխարհագրության, ուղևորների քանակի աճ, գների նվազում: Բաց երկնքի քաղաքականության շրջանակներում հանվել են մինչև այդ ավիափոխադրումների շուկայում գործող բոլոր սահմանափակումները»,- արաբական «Էթիհադ» ավիաընկերության մուտքը Հայաստան ազդարարող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:
Նա ողջունեց աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Էթիհադի» մուտքը Հայաստանի ավիափոխադրումների շուկա:
«Առաջին հերթին սա ընկերության վստահությունն է Հայաստանի կառավարության կողմից որդեգրված քաղաքականությանը, մյուս կողմից՝ պատրաստակամություն, ծավալել ռազմավարական և երկարաժամկետ գործունեություն գործընկերության հիմունքներով»,- ասաց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենը:
Նրա խոսքով, «Էթիհադ» ընկերությունը կապված է աշխարհի գլոբալ շուկաների, առևտրական, ֆինանսական, զբոսաշրջային կենտրոնների հետ: Ա. Խաչատուրյանը վստահություն հայտնեց, որ ավիաընկերության մուտքով այդ շուկաներն ավելի հասանելի, մատչելի կլինեն Հայաստանի քաղաքացիների, բիզնեսի համար:
«Էթիհատ» ընկերության համաշխարհային վաճառքի գծով ավագ փոխնախագահ Ջեյմս Մյուլերն ասաց, որ Հայաստանն իրենց համար նոր շուկա է, ուրախ են, որ ներկայություն են հաստատել Երևանում:
«Երկար ժամանակ է ուսումնասիրում ենք հայկական շուկան: Հետաքրքրված ենք եղել, հարցը միայն ճիշտ պահի ընտրությունն էր: Հետաքրքրված էինք հայկական շուկայով նախ այն պատճառով, որ Հայաստանը Արաբական Միացյալ Էմիությունների հետ արտաքին առևտրի հարուստ պատմություն ունի, նաև՝ երկու երկրների միջև բիզնես շրջանառության ծավալները մեծ են»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք միաժամանակ Հայաստանն առաջ են մղելու որպես զբոսաշրջային վայր:
Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Հայաստանում տարածաշրջանային գլխավոր մենեջեր Օքսաննա Սվետենկոն ասաց, որ ՀՀ-ն այս տարածաշրջանում առաջամարտիկն է. «Ուրախ ենք, որ այս տարածաշրջանում առաջինը մուտք ենք գործում Հայաստան»:
Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, Ջեյմս Մյուլերն ասաց, որ Հայաստանում գտնվող իրենց հաճախորդների համար առաջարկում են մրցակցային գներ. «Հետևելու ենք մեր մրցակիցների գործողություններին: Գնագոյացումը կատարելու ենք ըստ արժանվույնս, որպեսզի ապահովենք այն բիզնեսը, որը հաջողություն կբերի մեզ»:
Նշենք, որ ավիաընկերության առաջին թռիչքը վայրէջք է կատարել Երևանի «Զվարնթոց» օդանավակայան այսօր առավոտյան՝ մեկնարկ տալով ավիաընկերության նոր՝ շաբաթական չորս անգամ ծառայություններին Աբու Դաբիի և Երևանի միջև:
Աբու Դաբի-Երևան նոր երթուղին սպասարկվում է երկրորդ դասի «A320 էյրբաս» օդանավով, որը նախատեսված է 136 ուղևորի համար:
Նախորդող հրապարակում՝