Թուրքիայի իշխանություններին հաճույքով եմ մատուցելու այս գիրքը. Ռագըբ Զարաքոլուի
Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» արխիվային փաստաթղթերի եռահատոր ժողովածուի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել մեկ հատորով, որում ներկայացված են 100-ից ավելի վկայություններ: Այն լույս է տեսել 1500 օրինակով:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, 2012թ. հրատարակվել է «Հայոց ցեղասպանությունը օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ» եռհատորյակը, որտեղ տեղ են գտել Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի և Տրապիզոնի նահանգների ու Պարսկահայքի շրջանի վերապրողների 600 վկայություններ: Փաստթղթերում ներկայացված են 1916-17 թթ. Հայոց ցեղասպանության փրկվածների վկայությունները:
Ըստ նրա` սրանք հույժ կարևոր վավերագրական փաստաթղթեր են, որոնք կարող են ծառայել որպես միջազգային արժեք ունեցող վկայություններ: Ա.Վիրաբյանի խոսքերով` 2013թ. լույս տեսած եռահատորյակից առանձնացվել են 145 վկայություն, շուրջ 150-ը թարգմանվել են անգլերենով և հրատարակվել մեկ գրքով: Առաջիկայում, ըստ Ա.Վիրաբյանի, այն թարգմանվելու է նաև ռուսերեն, իսպաներեն և ֆրանսերեն լեզուներով:
Անդրադառնալով թուրքերեն հրատարակությանը, նա նշեց, որ այս տարի Լիսբոնի Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ գիրքը թարգմանվել է թուրքերենով, որը լույս է տեսել Թուրքիայում` Ռագըբ Զարաքոլուի հրատարակչությամբ:
«Զարաքոլուն համարձակություն ունեցավ մեր պատրաստած հատորը հրատարակել Ստամբուլում: Սա մեծ համարձակություն է պահաջում, քանի որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիրք հրատարակելը հեշտ գործ չէ: Կարծում եմ, որ այս փաստաթղթերը թուրք պատմաբանների և Հայոց ցեղասպանությամբ հետաքրքրվողների համար բավարար փասռաթղթեր են և կարող են ուսումնասիրություններ կատարել: Փաստաթղթերը տեղադրվելու են նաև համացանցում, որպեսզի հասանելի լինի բոլորին»,- ասաց Ա.Վիրաբյանը:
ՀԱԱ-ի տնօրենը նշեց նաև, որ 2010թ-ից սկսած իրականացնում են մի ծրագիր, որի նպատակն է հրապարակել Հայաստանի ազգային արխիվում պահվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը: «Մեր նպատակն է այն առաջին հերթին հասցնել օտարալեզու ընթերցողին, ուստի նախատեսում ենք այդ փաստաթղթերը թարգմանել նաև մի շարք այլ լեզուներով»,- ասաց Ա.Վիրաբյանը:
«Այս գիրքը նախատեսված է բոլորի համար , այն շատ կարևոր փաստաթղթերի հավաքածու է: «Կապույտ գրքից» հետո այս հատորը համարում եմ երկրորդ կարևորագույն ու արժեքավոր գիրքը, քանի որ այստեղ նույնպես ներկայացված են ցեղասպանությունը տեսած մարդկանց վկայությունները»,- ասաց Ռագըբ Զարաքոլուին:
Նրա խոսքերով` ինքը Թուրքիայի իշխանություններին հաճույքով է մատուցելու այս գիրքը:
«Նրանք միշտ ասում են հայկական արխիվները փակ են, բացեք հայկական արխիվները, դաշնակցության արխիվները: Ահա ձեզ արխիվները: Հուսով եմ, որ բողոք չեն ունենա»,- ընդգծեց նա:
Հարցին, թե գրքի հրատարակումից հետո չի վախենում, որ Թուրքիայի իշխանությունների կողմից նրա նկատմամբ հետապնդումները չեն շարունակվի, Ռագըբ Զարաքոլուին պատասխանեց. «Եթե այդպիսի բաների մասին մտածեի, ապա 30 տարի հրատարակությունով չէի զբաղվի»: