Ռագըփ Զարաքոլուն Հայոց ցեղասպանության ճանաչման իր պայքարը համարել է պատվո պայքար
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ցեղասպանության ճանաչման համար պայքարող թուրք մտավորական Ռագըփ Զարաքոլուին, փոխանցում է նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատել թուրք մտավորականի ներդրումը` Հայոց ցեղասպանության ճանաչման գրծում. «Ցեղասպանությունից անցել է 100 տարի, թուրք ժողովուրդը պետք է ազատվի այդ բեռից և այդ հարցում ժողովրդին պետք է առաջնորդեն Ձեր նման մտավորականները»:
Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքերի, աշխատությունների հրատարակումը նախարարը կարևորել է՝ շեշտելով Ցեղասպանության ականատեսների վկայությունների փաստագրման և հրապարակման գործում Ռագըփ Զարաքոլուի մեծ ավանդը:
«Ցեղասպանությունը մինչ օրս շարունակվում է Հայաստանի նկատմամբ 25 տարի շարունակվող շրջափակմամբ, հայկական սփյուռքի հոգեկան տառապանքներով ու դեգերումներով»,- ասել է Հակոբյանը։
Ռագըփ Զարաքոլուն Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության վերականգնման իր պայքարը համարել է պատվո պայքար և տեղեկացրել է, որ շարունակում է վկայությունների ու ականատեսների պատմությունների հավաքագրումը և առաջիկայում հրապարակելու է ևս 2 գիրք՝ մեկը քրդերի, մյուսը՝ իսլամացած կանանց վկայությունների մասին:
Նա նաև վերսկսել է հայոց լեզվի տիրապետելու իր ընդհատված դասընթացը, և հույս է հայտնել, որ շուտով Հայաստանում հաղորդակցվելու համար այլևս թարգմանչի կարիք չի ունենա:
Ռագըփ Զարաքոլուն Հայաստան է ժամանել «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» արխիվային փաստաթղթերի եռահատոր ժողովածուի հիման վրա ստեղծված թուրքերեն միահատորյակի շնորհանդեսին մասնակցելու նպատակով: Շնորհանդեսը կայացել է հուլիսի 3-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան