«Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը, երբ որ քանդակն ավարտվում է, ինքն արդեն չկա». Մհեր Մկրտչյան
«Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է»,- տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանի համոզմունքն է:
Այսօր նշանավոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրչտյանի՝ նույն ինքը՝ Գարսևան, Արսեն, Սիմոն, Ավագ, Ռուբիկ Խաչիկյան, Գրիգոր աղա, Նիկոլ, Բաղդասար, Գառնիկ, ... ծննդյան օրն է՝ 1930 թ. հուլիսի 4, Գյումրի: Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։
Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։ 1953 թ-ին նա տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վ. Վաղարշյան)։
Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։
Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։
Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։
-ՈՒրեմն դու մեքենայի տակ չե՞ս ընգե՜լ
-Այ մարդ ասինք չէ է՜լի, նյե՜տ...
«Դերասանական արվեստի ամենամեծ գործիքն աչքերն են, աչքերը»:
«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։ Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր»:
«Ես չեմ կարող կիսատոնի վրա ճիշտ լինել։ Կիսատ բաներ չեմ սիրում»:
«Աստված մատը դրել է սա մանչի ճակատին ու ասել. «Դուն դերասան պիտի դառնաս, քո ուղին բեմն է»,- Մհեր Մկրտչյանի մասին ասում էր Վահրամ Փափազյանը:
«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել»:
«Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ»:
«Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը, երբ որ քանդակը ավարտվում է, ինքն արդեն չկա»:
«Կյանքը, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրը ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով՝ վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին»:
«Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի»:
«Նրա կարողությունների ներկապնակը, շնորհքի ամպլիտուդան շատ մեծ էր' ամենազավեշտականներից մինչև ամենաողբերգականը: Երբեք հենց այնպես բեմ դուրս չէր գալիս: Կյանքի առաջին շրջանում նա տարիներով ոչինչ չխաղաց: Ոչ թե այն բանի համար, որ չէր ուզում, կամ ծուլանում էր, այլ հարմար բան չէր գտնում: Եվ վերջում իր թատրոնում բեմադրեց «Հացթուխի կինը», որն էլ եղավ նրա կարապի երգը»,- Մ. Մկրտչյանի մասին ասել է Խորեն Աբրահամյանը:
«Նա այն մեծությունն էր, որի առաջ պետք էր խոնարհվել: Մենք` հայերս, պետք է կարողանանք երջանիկ լինել մեր մեծ մարդկանցով, պետք է կարողանանք չափվել նրանցով, առավել ևս, նրանց դարձնել մեզ համար չափանիշ: Երջանիկ սերունդ էինք, որ ապրեցինք Մհերի հետ, աշխատեցինք միասին: Այդ սերունդը լավն էր, իսկ ինքը, իհարկե, ամենալավն էր»,- ասել է Սոս Սարգսյանը:
«Երբ ինչ-որ կտոր պետք է նկարահանվեր, եթե պատրաստ չէր, սպանեիր էլ, չէր նկարվի, որովհետև ինքը «խալտուրա» ասած բառից զզվում էր: Ասում էր. «Դերն ինձ համար մուկ է: Ես պիտի այնքան կատվի նման պտտվեմ շուրջը, այնքան պիտի ուսումնասիրեմ, պիտի արդեն դարձնեմ իմը, որ կարողանամ խաղալ»: Հայերենում ինձ համար չկա այն բառը, որով կարելի է բնորոշել Մհեր Մկրտչյանին: Ինքն ապրում էր իր հոր կենսագրությունով, իր մոր կենսագրությունով, ապրում էր Մուշով, ապրում էր Վանով, Վանա լճով, ապրում էր ամբողջ Արևմտյան Հայաստանով»,- ասել է Մհեր Մկրտչյանի եղբայրը՝ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը:
Սոս Սարգսյանն ու Խորեն Աբրահամյանը` Ֆրունզիկ Մկրտչյանի հուղարկավորության ժամանակ: (աղբյուր՝ charkhchyan.wordpress.com)
«Տարիներ շարունակ նա իր հոգու ամենախորունկ ծալքերում իրեն պահեց իր ահռելի տառապանքը ու մեզ տվեց ծիծաղ, խնդություն, իր ձիրքերի լույսը վայելելու անսահման երջանկություն»,- ասել է Սիլվա Կապուտիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները