«Քառյակը նպատակ ունի հանրությանը ներկայանալ որպես ամբողջական, միասնական բռունցք»
ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի` իշխանություններին ներկայացված 12 կետերը շարունակում են ակտիվորեն քննարկվել ներքաղաքական դաշտում: Այս առիթով օրերս ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշել էր, որ «Քառյակի առաջ քաշած 12 կետերը պահանջներ են, որոնք մեր բակի հավաքարարն էլ է առաջ քաշում: Դրանք հայ ժողովրդի ցանկացած հատվածի ընդհանրական պահանջներից են»: Վերոնշյալ մտքի, ինչպես նաև քառյակի համատեղ գործունեության հեռանկարի վերաբերյալ panorama.am-ը զրուցեց քաղաքագետների հետ:
Սերգեյ Մինասյանի կարծիքով` բնական է, որ որոշ քաղաքական ուժեր իրենց առջև ծառացած խնդիրների լուծման ճանապարհին փորձում են օգտագործել հասարակության մեջ առկա դժգոհությունը:
«Լիովին կիսում եմ Ալեքսանդր Արզումանյանի տեսակետը: Հասարակության մեջ առկա է որոշակի դժգոհությունը, որ մեծ մասամբ կապված է երկու ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ: Հաշվի չառնել դա` անհեթեթություն է: Եվ բնական է, որ հենց այս դժգոհություն վրա հիմնվելով, որոշ քաղաքական ուժեր փորձում են լուծել իրեն առջև ծառացած քաղաքական խնդիրները:
Սակայն այստեղ գլխավոր հարցն այն է, որ ոչ իշխանական խորհրդարական ուժերը իրականում զրկված են իրավիճակի վրա ազդելու քաղաքական, ինչպես նաև իրավական լծակներից: Դրանք անբողջովին կենտրոնացված խորհրդարանում մեծամասությունը կազմող ՀՀԿ-ի ձեռքում:
Մյուս կողմից` դժգոհության ալիքը դեռևս չի գտնվում այն մակարդակի վրա, որպեսզի տեղի ունենան լրջագույն տեղաշարժեր: Բացի դրանից ակհայտ է, որ քառյակի մեջ մտնող ուժերի քաղաքական և հասարակական համարումը, ինչպես նաև կազմակերպչական և մարդկային ռեսուրսները բավարար չեն, որպեսզի նրանք իրենց պայքարը տեղափոխեն փողոց»,- ասաց Ս. Մինասյանը:
«Տվյալ պարագայում քառյակի մեջ մտնող ուժերը ընդամենը ստեղծում են պայքարի իմիտացիա, ինչը ես ևս բնական եմ համարում: Սա կարծում եմ, հասականում են թե՛ այս ուժերի ղեկավարները, թե՛ իշխանությունները»,- հավելեց բանախոսը:
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ որքան էլ քառյակն արտաքուստ փորձում է ցույց տալ, թե առաջ քաշվող պահանջների հարցում 4 ուժերի միջև կոնսենսուս կա, այնուամենայնիվ, ակնհայտ է, քառյակը ներկայացնող առանցքային գործիչների մոտեցումները շատ դեպքերում ծայրահեղ տարբեր են:
«Այս պահին քառյակը նպատակ ունի հանրությանը ներկայանալ որպես ամբողջական, միասնական բռունցք, որն ի վիճակի է լուրջ խնդիրներ լուծել: Երկարաժամկետ կտրվածքով, ոչ իշխանական ուժերը նպատակ ունեն 2017-18 թվականին ընտրական ցիկլին ընդառաջ լավ մարզավիճակ ձեռք բերել, ինչն անչափ դժվար կլինի՝ հաշվի առնելով առանցքային հարցերում լուրջ տարաձայնությունների առկայությունը»,- ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է քառյակի առաջ քաշած 12 դրույթներին, ապա Տ. Աբրահամյանը նշեց, որ իսկզբանե պարզ էր, որ դրանց մի մասը նվազագույնը իշխանության համար կարող էր քննարկելի լիներ, իսկ մի մասի կյանքի կոչման անհրաժեշտության մասին հենց ինքը՝ իշխանությունն է խոսում: