Ազգային գրադարանի համար օրը տոնական է
Այսօր Հայաստանի Ազգային գրադարանի օրն է: Օրվան նվիրված Ազգային գրադարանում անցկացվելու են մի շարք միջոցառումներ: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեցին Ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնից: Միջոցառումների շրջանակում հնչելու են ելույթներ, լինելու են գեղարվեստական կատարումներ, պատվոգրերի հանձնում:
Այսօր Ազգային գրադարանում բացվելու են մի քանի ցուցահանդեսներ՝ «Ազդարար» պարբերականի տպագրության 220- ամյակը (գրականության ցուցադրություն), «Ընտանիքը բանակի զորացման աղբյուր» (գրականության ցուցադրություն), նոր ստացված գրքերի ցուցադրություն, «Մուրճ» ամսագրի տպագրության 125-ամյակը (գրականության ցուցադրություն), Հայաստանի ազգային գրադարանի տնօրենները (գրականության ցուցադրություն) և այլն:
Ազգային գրադարանի օրը նշվում է 1999 թվականից: 1919թ. հուլիսի 4-ին Հայաստանի Մինիստրների խորհրդի «Պետական հանրային մատենադարանի մասին» որոշմամբ հիմք է դրվել գրադարանային ֆոնդերի համալրմանն ու զարգացմանը:
ՀԱԳ-ի պատմության սկիզբը համարվում է 1832 թվականը, երբ հիմնադրվել է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը, որի 18.000 միավոր հավաքածուի հիման վրա կազմավորվել է Հայաստանի ազգային գրադարանը: 1925-1990թթ. գրադարանը կրել է նշանավոր պետական և հասարակական գործիչ Ալ. Մյասնիկյանի անունը, իսկ 1990 թ. վերանվանվել է Հայաստանի ազգային գրադարան: Հիմնադրման 150-ամյակի առթիվ գրադարանը 1982 թ. պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով:
Հայաստանի Ազգային գրադարանը հայ տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցն է աշխարհում: Գրադարանի հարուստ գանձարանում պահպանվում են հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը» (1512թ., Վենետիկ), առաջին պարբերականը` «Ազդարարը» (1794թ., Մադրաս), առաջին տպագիր քարտեզը` «Համատարած աշխարհացոյցը» (1695թ., Ամստերդամ):
Գրադարանի հավաքածուն 2014թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է ավելի քան 6,3 մլն հաշվառային միավոր: Դրանք գրքեր, ամսագրեր, լրագրեր, քարտեզներ, պլակատներ, ատենախոսություններ, նոտաներ, բացիկներ, նամականիշներ, օրացույցներ, մատենանիշներ, թղթադրամներ, տեսալսողական և էլեկտրոնային (CD, DVD) կրիչներ են: Օրական շուրջ 900 ընթերցող է այցելում գրադարան: Տարվա ընթացքում օգտվողներին տրվում է 1,5 մլն միավոր գրականություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները