Ընդհատել, թե՞ չընդհատել. Ահա թե հարցն ինչում է
Վերջին շրջանում շատ են ահազանգում այն մասին, որ Հայաստանը կանգնած է ժողովրդագրական լուրջ աղետի առջև և եթե պտղի սեռով պայմանավորված աբորտների խնդիրը շուտափույտ լուծում չստանա, ապա , մասնավորապես, աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով Հայաստանի բնակչությունը մինչև 2060թ-ը կնվազի հավելյալ 80 հազարով` չի ծնվի 93 հազար մայր, ինչը ներկայումս կազմում է Հայաստանի 2.5 տարվա ծնունդների թիվը:
Առողջապահության նախարարությունը խնդրի լուծման համար մի շարք առաջարկություններով արդեն հանդես եկել է, այդ թվում և առաջարկելով ընդունել օրենք, որը կարգելի ծնողին երեխայի սեռի մասին հայտնել մինչև հղիության 30-րդ շաբաթը: Սակայն նախարարությունը, հավանաբար, կգնա էլ ավելի հեռու` այս թեմային նվիրված վերջին քննարկման ժամանակ նախարարությունում հնչել է առաջարկ, որպեսզի հղիության արհեստական ընդհատման թույլատրելի շեմը իջեցվի մինչև 10 շաբաթ, ինչը պայմանավորված է նրանով, որ այդ ժամկետում անգամ ամենավերջին տեխնոլոգիաները թույլ չեն տալիս որոշել ապագա երեխայի սեռը: Սակայն արդյո՞ք սա կարող է օգնել պայքարում և կնվազեցնի պտղի սեռով պայմանավորված աբորտների թիվը:
Երկար տարիների ստաժ ունեցող մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Գյուլնարա Ավանյանցը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ խնդիրը միայն արգելքով դժվար է լուծել, քանի որ մեր հասարակությունը սովոր է շրջանցել արգելքները: Եվ ցանկության դեպքում, անկախ բոլոր այդ արգելքներից, ծնողը կիմանա երեխայի սեռը` եթե մի բժշկի մոտ չէ, ապա մյուսի մոտ հաստատ. «Աբորտների թեման շոշափելիս միշտ պնդում են արգելքների մասին, բայց միևնույն է կինը աբորտ կանի, որքան էլ նրան արգելես: Ներկայումս, երբ տեխնոլոգիաները օր օրի զարգանում են, արգելքը միայն կբերի նրան, որ կավելանան հանցագործությունները, կաճի կոռուպցիան և ի վերջո լուրջ վտանգի տակ կառնվի հենց կնոջ առողջությունը»:
Սակայն մյուս կողմից էլ չարգելել ևս շատ խնդրահարույց է, քանի որ ցանկացած պարագայում աբորտը անհետևանք չի լինում կնոջ համար: Մասնագետի խոսքով` իսկապես շատ խորհելու տեղ կա, քանի որ ի վերջո ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ է կատարվում գինեկոլոգի կաբինետում. «Ո՞վ կարող է իմանալ, թե ինչ է կատարվում գինեկոլոգի կաբինետում և կամ ինչ է բժիշկն ասում հղի կնոջը: Այս կյանքում ամեն ինչ հարաբերական է: Կարծում եմ ավելի արդյունավետ կլինի, որ իրազեկման աշխատանքներն ավելի լայն թափ ստանան` մարդկանց սոցիալական մակարդակը, նրանց գրագիտությունը բարձրացնելով կարծում եմ կարելի է դրական արդյունք ակնկալել»:
Գուցե հարկավոր են այլ մեթոդներ այս խնդրի դեմ պայքարում և ոչ միայն արգելքով առաջ շարժվելն ու դրական արդյունքներ սպասելը: Գուցե ավելի արդյունավետ կլինի տուգանքների մեխանիզմների ներդրումը, ի վերջո գաղտնիք չէ, որ միայն գրպանին կպնելն է արդյունավետ լինում...
Նախորդող հրապարակում `
«Եթե այսպես շարունակվի մինչև 2060թ-ը Հայաստանում չի ծնվի 93 հազար մայր»