Գուրգեն Արսենյանի ինքնաթիռներն ու հսկա կարողությունը. «Ժամանակ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը տարիներ առաջ հայտնի էր որպես Հայաստանի մեծահարուստ և իշխանամետ պաշտոնյաներից մեկը: Այսօր նա հայտնի է որպես իշխանությունների գրեթե բոլոր գործողություններից դժգոհ և ամեն առիթով իշխանություններին քննադատող խոշոր սեփականատեր պատգամավոր: «Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Գ. Արսենյանը բավական մեծ կարողություն ունի:
Նա ունի 7 անշարժ գույք, որից երեքը` 610 քմ և 15 քմ տարածքով շինություն և 0,0917 հա հողակտոր Արաբկիր 38 հասցեում: Մոտ 913 քմ տարածքով շինություն և 0,0906 հա հողակտոր Երևանի Քեռու փողոցում: Ինչպես նաև 235 քմ տարածքով շինություն և 0,0677 հա տարածքով հողակտոր Գյուլբենկյան փողոցում: Գ. Արսենյանը հողակտորներ և շինություններ ունի նաև Գյումրիում և Արմավիրում:
Գ. Արսենյանը հայտարարագրել է նաև 5 շարժական գույք, որից 3-ը` 2003թ. թողարկված «Զեյներ CH-701STOL» ինքնաթիռներ են:... Գ. Արսենյանն ունի նաև հսկայական ֆինանսական միջոցներ: Այս տարի Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն` անցած տարվա վերջին նա ունեցել է 60 մլն 639 հազար դրամ, 2,7 մլն դոլար և 21,4 մլն եվրո գումար: Պակաս հարուստ չէ նաև նրա կինը` Էդիտա Ղարագյոզյանը, ով նույն հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել է, որ ունի 217 մլն դրամ, 248 հազար դոլար և 10 հազար եվրո:
«Եվ ահա Ռ. Քոչարյանի օրոք, որը նույնն է թե անհավասար կամ գրեթե արտոնյալ պայմաններում այսքան հարստություն դիզած, շարժական ու անշարժ գույք ձեռք բերած այս պաշտոնյան այսօր գործող իշխանություններին քննադատում է այն պատճառով, որ նրանք էլ իրենց հովանավորությունը վայելող գործարարների համար են նման պայմաններ ստեղծում»,-մեկնաբանել է թերթը: