Հայաստանի ատոմակայանը 45 օրով չի աշխատի
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը սեպտեմբերին սպասվող հերթական պլանային նորոգման աշխատանքների արդյունքում չի աշխատի 45 օրով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան, որտեղ տեղի է ունեցել բաժնետերերի տարեկան հաշվետու ժողովը: Ժողովի ընթացքում ներկայացվել է 2013 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև, 2014 թվականի սեպտեմբերին նախատեսված վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար իրականացվող աշխատանքների ընթացքը:
«Պետք է փորձենք հնարավորինս կրճատել այդ ժամկետները, քանի որ կայանի ժամանակավոր կանգնեցումը լուրջ հետևանքներ է ունենում: Իհարկե, դա չպետք է լինի անվտանգության հաշվին»,- ատոմակայանում շրջայցի ժամանակ ասել է նախարարը: Նա վստահեցրել է նաև, որ ՀԱԷԿ-ի պլանային վերանորոգումն ազդեցություն չի ունենա արդեն իսկ բարձրացված սակագների վրա, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակագները բարձրացնելիս արդեն իսկ հաշվարկել էր նաև այդ աշխատանքները: Երվանդ Զախարյանը հիշեցրել է, որ նախորդ տարի չնախատեսված կանգառների հետևանքով մոտավորապես 320 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա քիչ էր արտադրվել ՀԱԷԿ-ում, ինչի հետևանքով ՀԷՑ-ն ավելի թանկ էլեկտրաէներգիա էր գնել «Հրազդան ՋԷԿ»-ից և Հրազդանի 5-րդ էներգաբլոկից:
Երվանդ Զախարյանի խոսքով՝ ՀԱԷԿ-ն այսօր ունի կուտակված ֆինանսական պարտավորություններ: «Դրանց ծավալը շուրջ 9-9,5 մլրդ դրամ է: Ֆինանսական պարտավորություններն առաջացել են փոխառությունների ու վարկային միջոցների կառավարման արդյունքում: Մենք պետք է կարողանանք հետագա տարիներին ավելի արդյունավետ կառավարում իրականացնել»,- ասել է նախարարը:
Երվանդ Զախարյանն անդրադարձել է նաև նոր ատոմակայանի կառուցմանը, տեղեկացնելով, որ նոր բլոկի արժեքը կկազմի մոտ 4,5 մլրդ դոլար:
«Դրա մի մասը Ռուսաստանի կառավարությունը կտրամադրի ապրանքների, սարքավորումների տեսքով, իսկ մյուս մասը մենք կլրացնենք այլ երկրների հետ բանակցություների արդյունքում ձեռք բերված ֆինանսական օժանդակությունների միջոցով»,-ասել է Զախարյանը:
Նա նշել է, որ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը նախատեսվում է սկսել 2018-2019 թվականներին: