Պաշտոնական Թեհրանը դեմ է արտահայտվում Իրաքի մասնատմանը
«Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է Իրաքի միասնականությանը»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով Իրաքում տեղի ունեցող զարգացումներին և Իրաքի մասնատման մասին տարբեր շրջանակների կողմից հնչող հայտարարություններին, մասնավորապես նշել է. «Իրաքի Սահմանադրությունը բոլոր քաղաքացիների պահանջները բավարարում է, կարծում եմ ոչ մի իրաքցի կողմ չէ երկրի մասնատմանը»:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, օրերս Թել Ավիվի համալսարանում տեղի ունեցած համաժողովի ընթացքում, անդրադառնալով Իրաքում տեղի ունեցող զարգացումներին, նշել էր. «Քրդերը պայքարող ժողովուրդ են և քաղաքական պայքարում ապացուցել են իրենց հաստատակամությունը և արժանի են քաղաքական անկախություն ունենալուն: Իսրայելը պետք է քրդերի՝ անկախ պետություն ունենալու իղձերին աջակցի»:
Հավելենք, որ իրանագետ Ա. Իսրայելյանն օրերս Panorama.am կայքում թողարկված հոդվածում, անդրադառնալով Իրաքում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Իրանին սպառնացող վտանգներին, կարծիք էր հայտնել, որ Իրանի պարագայում հատկապես վտանգված են սուննիներով բնակեցված Քորդեստան (ունի շուրջ 2 միլիոն բնակչություն, որի 90%-ը կազմում են քրդերը), Խուզեստան (այստեղ զգալի թիվ են կազմում արաբները), Սիստան և Բելուջիստան (այստեղ հիմնականում ապրում են բելուջներ և ֆարսեր) և Արևմտյան Ատրպատական (հիմնականում բնակեցված է քրդերով և ազարիներով) նահանգները: