Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է հայ-թուրքական սահմանի բացման մասին շրջանառվող լուրերը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հերքել են նախօրեին մամուլում տարածված լուրերն այն մասին, թե թուրքական իշխանությունները նախապատրաստվում են բացել հայ-թուրքական սահմանի Ալիջանի անցակետը:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանյու Բիլգիչը տեղեկացրել է, որ սահմանի բացման մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Բիլգիչն ընդգծել է, որ Հայաստանի հետ սահմանը փակվել է «Ադրբեջանի հողերի գրավման պատճառով» 1993-ին:
«Սահմանի բացումը, սակայն, Հարավային Կովկասում համապարփակ խաղաղության և կարգավորման գործընթացի համար հնարավորություն ապահովող զարգացումների շրջանակներում կարող է գալ օրակարգ: Այդ հարցում որոշիչ է լինելու բոլոր հարևանների հետ ունեցած խնդիրների լուծման համար Հայաստանի կողմից կամքի դրսևորումը և դրան համապատախսան քայլերի կատարումը»,- ըստ արտգործանախարարության պաշտոնական կայքի` ասել է Թանյու Բիլգիչը:
Հիշեցնենք, որ թուրքական ընդդիմադիր «Թարաֆ» թերթը տեղեկություն էր տարածել այն մասին, թե Թուրքիայի վարչապետը 1915-ի կապակցությամբ հայերին հղած ցավակցական ուղերձից հետո պատրաստվում է երկրորդ քայլը կատարել. բացել 1993-ից փակված հայ-թուրքական սահմանը: Նշվում էր, թե վարչապետ Էրդողանի կողմից արդեն տրվել է հրահանգ ավարտին հասցնել Ալիջանի սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները:
«Թեև դեռ հստակեցված չի սահմանի պաշտոնական բացման ժամանակացույցը, բայց կուլիսներում խոսակցություններ կան, որ սեպտեմբերից հետո, հավանաբար, կբացվի»,- գրել էր «Թարաֆ»-ը:
Նախորդող հրապարակում՝
Taraf. Էրդողանի 2-րդ ժեստը. պատրաստվում է բացել հայ-թուրքական սահմանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում