Որքանով են անվտանգ մանկական սրճարանները
Վերջին շրջանում մայրաքաղաքում մանկական սրճարանների թիվը զգալիորեն ավելացել է, քանի որ պահանջարկն է դա թելադրում. շատ ծնողներ այսօր գերադասում են իրենց զավակների ուրախ արարողություններն անցկացնել այնտեղ, որտեղ և’ ուրախ ու տրամադրություն հաղորդող երաժշտություն է, և’ համեղ խոհանոց, և’ զվարճալի ծրագիր: Ինչպես նաև չմոռանանք, որ սա լավագույն տարբերակն է խնայել ժամանակն ու ուժերը` տնային հոգսերից ազատվելով: Սակայն որքանո՞վ են անվտանգ մանկական սրճարանները, արդյո՞ք մեր երեխաները պաշտպանված են ` խոսքն այստեղ ոչ թե խոհանոցի, այլ շենքային պայմանների մասին է, քանի որ իրականությունը, ցավոք, ոչ միշտ է այդքան վառ ու գունեղ, ինչպես սրճարանը թվում է առաջին հայացքից:
Նախօրեին Էջմիածնի մանկական սրճարաններից մեկում ուրախ ծնունդ էր` փուչիկներ, ուրախ ժպիտներ, բարձր երաժշտություն: Սակայն այս ամենը շատ արագ ավարտվեց` հյուրերից մեկը մեկ տարեկան երեխայի հետ միջանցքի աստիճաններից գլորվեց դեպի նկուղը, ինչի հետևանքով մայրը մի շարք վնասվածքների հետևանքով կարեր դրեցին, իսկ փոքրիկը հայտնվեց Երևանի Ծերեթելի փողոցի մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Ուշ երեկոյան բժիշկները դեռ խուսափում էին փոքրիկին տեղափոխել պալատ` նշելով, որ ճիշտ է նրա վերակենդանացման բաժանմունքում մնալը, քանի որ 15 աստիճանից գլորվելը լուրջ փորձություն է մանկական օրգանիզմի համար:
Ո՞վ է պատասխան տալու այս միջադեպի և որ ամենակարևորն է` երեխայի առողջության համար: Ականատեսների պնդմամբ` մեղավորությունը միմիայն հաստատությանն է, քանի որ միջանցքի այդ հատվածում առկա աստիճանները բոլորովին տեսանելի չեն, այնպիսի անհարմար կառույց է, որ մեծահասակ կինը չի տեսել դրանք ու գլորվել ներքև: Ի դեպ, խնդիրը նրանում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նույն աստիճաններից մանկական սրճարանի այցելուները գլորվում են ներքև.... բայց, փաստորեն, դրանից ոչ ոք հետևություն չի արել` ոչ սրճարանի ղեկավարությունը, ինչ-որ պատնեշ կամ զգուշացնող նշան տեղադրելով այդ հատվածում, չէ որ մանկական սրճարանը հենց նրա համար է, որ երեխաները հանգիստ վազվզեն: Ոչ էլ հետևություն են արել պատկան մարմինները` աչքաթող անելով հաստատության պայմանները:
Գուցե ճիշտ է, որ մանկական սրճարանները փոքր-ինչ այլ չափանիշներով կառուցվեն ու շահագործվեն` ապահովելով փոքրիկ այցելուների անվտանգությունը: Ի վերջո, տանը ծնողները ապահովում են անվտանգությունը բոլոր անկյուններում, իսկ արդյո՞ք նույնն անում են սրճարանների աշխատակիցները, որոնք, համոզված ենք, մինչև վերջ չեն էլ գիտակցում, որ գործ ունեն երեխաների անվտանգության, ինչու չէ` կյանքի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները