ՀԱՄՀ. Նպատակ ունենք ստեղծել Առողջապահության հայեցակարգ
Այսօր կայացավ «Առողջապահությունը Հայաստանում. կարիքների բացահայտում և Սփյուռքի դերի սահմանում» խորագրով սեմինարը: Բանախոսը բժիշկ Շանթ Շեխերդիմյանն էր, ով ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում, այժմ վիրաբուժության դոցենտ է Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA):
Նա իր զեկույցում խոսեց այն մասին, թե ինչպես կարելի է բարելավվել Սփյուռքի ներդրումը Հայաստանի առողջապահական համակարգում:
«Մինչև հիմա այդ մասնակցությունը մի քիչ անկազմակերպ է եղել: Կարծում եմ, որ կարևոր է զրուցել տեղում ներկայացուցիչների հետ: Խոչընդոտների խնդիր չկա, պարզապես պակաս կա տեղում աշխատանքների, շփումների, ուղղակի ծրագիր չկա այդպիսի առողջապահական ոլորտում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Panorama.am-ի հարցին` Հայաստանի առողջապահական համակարգում ի՞նչ խնդիրներ է տեսնում, որոնք կարելի է լուծել Սփյուռքի ներուժով, բժիշկը պատասխանեց. «Օրինակ բժշկական կրթության ոլորտում կարելի է օգտվել այն կրթական պրոցեսներից, որ մենք տարբեր երկրներում անցկացրել ենք: Դրանք բերել այստեղ և տեսնել ինչպես կարող ենք դրանք համապատասխանեցնել այստեղի համար»:
Սեմինարի կազմակերպիչ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) առողջապահության ծրագրի ղեկավար Գևորգ Յաղջյանը հայտնեց, որ իրենք կարևորում են այս միջոցառումը, քանի որ Սփյուռքում մեծ ներուժ կա: Ըստ նրա, կարևոր է սփյուռքահայ մասնագետների ներգրավվումը ՀՀ առողջապահական համակարգի կատարելագործման գործում և նրանց ինտելեկտուալ ներուժի` առողջապահության ոլորտում ներդրման ապահովման անհրաժեշտությունը:
«Մրցունակության հիմնադրամն արդեն երկու-երեք տարի աշխատում է նոր օնկոլոգիական կենտրոնի ստեղծման և զարգացման վրա: Շատ կարևորում ենք, որ ամեն մի մասնագիտության մեջ կոլեգաներ գտնենք և ընգրկենք: Մեր օնկոլոգիական կենտրոնը աշխատելու է այն հիմունքներով, որ մասնագետը չգա որպես օգնող, այլ որպես ներդրումներ անող: Համատեղ Կառավարության հետ ունենալու ենք Ուռուցքաբանության գերազանցության կենտրոն: Դա լինելու է լավագույններից մեկը տարածաշրջանում: Մենք ունեցել ենք զարգացում, քանի որ ներգրավվել ենք Սփյուռքի ներկայացուցիչներին: Միջուկային բժշկության փորձը Հայաստանում ոչ ոք չուներ, բայց մենք ներգրավեցինք Լոս Անջելեսից մասնագետի, որպեսզի այդպիսի ծառայություն ներդնենք»,- ասաց նա:
Նա շեշտեց, որ այս սեմինարով իրենք փորձում են մարդկանց ուշադրությունը հրավիրել համագործակցության վրա:
Անդրադառնալով Հայ բժիշկների միջազգային կոնգրեսին, որը կազմակերպվելու է 2015-ին, Գևորգ Յաղջյանը նշեց, որ նպատակ ունեն սփյուռքահայ գործընկերների հետ գալ և հասնել այն բանին, որ ստեղծվի Առողջապահության հայեցակարգ, որը ներառի զարգացման բոլոր հնարավորությունները մինչև 2020 թիվը:
«Այդ դեպքում սփյուռքի մարդիկ կիմանան ինչին է պետք ուշադրություն դարձնել: Մեր գիտաժողովները կբերեն դրան, որ ունենանք այդ հայեցակարգը, որը կլինի ուղեցույց մյուս կազմակերպություններին»,- հավելեց նա:
Սեմինարի կազմակերպիչներից Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական գիտությունների ֆակուլտետի փոխդեկան Վարդուհի Պետրոսյանի խոսքով, նպատակը շարունակական կրթությունն է, որպեսզի միջազգային մանսագետների փորձը բերվի Հայաստան:
«Գոյություն ունեցող լավագույն փորձից օգտվելով, ավելի լավացնենք ողջ համակարգը: Սեմինարի նպատակը նախ գիտելիքների փոխանակումն է, որպեսզի մեր մասնագետներն արտասահմանյան մասնագետների հետ շփումների, փորձի փոխանակման հնարավորություն ունենան: Երբեմն սեմինարներից հետո համակգործակցությունը նաև շարունակվում է»,- ասաց նա:
Հավելենք, որ այսօրվա բանախոսը` Շանթ Շեխերդիմյանը մասնագիտացած է նորածնային վիրաբուժության և մանկական վիրաբուժական ուռուցքաբանության ոլորտներում:
Նա ներգրավված է մի շարք ծրագրերում, որոնց նպատակն է Հայաստանում մանկական խնամքի բարելավումը, ներառյալ առողջապահական համակարգում սփյուռքի արդյունավետ մասնակցության նոր մոդելի զարգացումը:
Նախորդող հրապարակում`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա