Ապրիլին Կոպենհագեն-Օսլո չվերթն իրականացնող ինքնաթիռն առևանգած ահաբեկիչը ադրբեջանցի է
Ապրիլին Կոպենհագեն-Օսլո չվերթն իրականացնող «Բոինգ 737» ինքնաթիռը առևանգած ահաբեկիչը ադրբեջանցի Թամերլան Մուսաևն է եղել: Այդ մասին այսօր տեղեկացրել են շվեդական ԶԼՄ-ները:
Ապրիլի 25-ին ահաբեկչի պահանջով ինքնաթիռը հարկադրված վայրէջք էր կատարել Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքի Լանդվետտեր օդանավակայում: Ահաբեկիչը հայտարարել էր, թե ինքնաթիռում ռումբ է տեղադրված, և սպառնում էր այն պայթեցնել, եթե ինքնաթիռը վայրեջք չկատարի Շվեդիայում։
Հայտնի է դարձել, որ Մուսաևը 1993 թ. իր կնոջ հետ առևանգել էր Տյումեն-Սանկտ-Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը և պահանջել, որպեսզի օդանավը վայրէջք կատարի Ստոկհոլմում։ Մուսաևների հետ էր նաև նրանց նորածին երեխան:
Նա իր արարքը պատճառաբանել էր այն հանգամանքով, որ չի ցանկանում ծառայել ադրբեջանական բանակում և մասնակցել ղարաբաղյան պատերազմին։ Այս միջադեպից հետո Մուսաևների ընտանիքը արտաքսվել էր Ռուսաստան, որտեղ Թամերլան Մուսաևը և նրա կինը քրեական պատասխանատվություն էին կրել կատարված հանցագործության համար։
Շվեդական մամուլի հաղորդագրություններում նշվում է, որ երկրորդ անգամ կատարելով նույն հանցագործությունը, Մուսաևը ցանկանում էր վրեժխնդիր լինել 1993թ-ին իր ընտանիքը Ռուսաստան արտաքսելու համար։
Ներկայումս Մուսաևի գործը քննվում է Գյոտեբորգի դատարանում: Դատարանը ահաբեկչին բժշկական փորձաքննության ենթարկելու որոշում է կայացրել` վերջինիս հոգեկան վիճակը պարզելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում