Էդուարդ Շևարդնաձեին կհուղարկավորեն Թբիլիսիում գտնվող իր առանձնատան բակում
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հուղարկավորությունը տեղի է ունենալու հուլիսի 13-ին Թբիլիսիում գտնվող իր առանձնատան բակում` կնոջ կողքին: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին ասել է Շևարդնաձեի մամուլի քարտուղար Մարինե Դավիտաշվիլին:
Նրա խոսքով, նման որոշում կայացրել էր Շևարդնաձեն՝ համաձայն իր կտակի:
«Էդուարդ Ամբրոսևիչը կհուղարկավորվի Վրաստանի նախկին նախագահին հարիր բոլոր պատիվներով»,- ասել է նա:
Հուլիսի 11-ին Էդուարդ Շևարդնաձեի դին առանձնատնից կտեղափոխվի Սուրբ Երրորդության եկեղեցի, որտեղ ուրբաթ և շաբաթ օրերին կկայանա քաղաքացիական հոգեհանգիստը: Հուլիսի 13-ին տեղական ժամանակով 15.00-ին կսկսվի հուղարկավորությունը:
7 տարի առաջ վրացական թերթերից մեկի հարցազրույցում Էդուարդ Շևարդնաձեն ասել էր, որ չի հավակնում, որ իրեն հուղարկավորեն Վրաստանի ականավոր գործիչների պանթեոնում:
«Իմ հուղարկավորության հարցը շատ պարզ է: Ես կտակ կթողնեմ այն մասին, որ ինձ հուղարկավորեն Թբիլիսիի իմ տան բակում, Նանուլիի շիրիմի կողքին»,-ասել էր Է. Շևարդնաձեն:
Հիշեցնենք, որ Էդուարդ Շևարդնաձեն մահացել է հուլիսի 7-ին՝ 87 տարեկան հասակում:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով