Օբամա. Մենք վճռական ենք Իրանին հետ պահել միջուկային զենք ձեռք բերելուց
«Մենք վճռական ենք Իրանին հետ պահել միջուկային զենք ձեռք բերելուց»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Միացյալ Նահանգների նախագահը իսրայելական «Հաարեց» պարբերականում թողարկած հոդվածում, անդրադառնալով հուլիսի 20-ին Իրանի և «5+1 խմբի» միջև միջուկային հարցում կայանալիք հնարավոր համաձայնությանը, մասնավորապես նշել է. «Իրանի հետ ընթացող 6-ամսյա բանակցություններն արդեն ավարտին են մոտենում, դեռևս չգիտենք, արդյո՞ք այդ բանակցությունները հաջողություն կունենան, թե ոչ:
Մեր աշխատանքում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. Մենք վճռական ենք Իրանին հետ պահել միջուկային զենք ձեռք բերելուց, և այդ նպատակին հասնելու համար սեղանի վրա բոլոր տարբերակներն էլ դեռ դրված են»:
Նկատենք, որ Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը, ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 20-ին: Առաջին փուլի կատարման համար նախատեսված է 6 ամիս ժամանակ, որը լրանում է հուլիսի 20-ին:
Հուլիսի 2-ից Վիեննայում մեկնարկել է Իրանի և «5+1 խմբի» 6-րդ հանդիպումը. Անցած օրերի ընթացքում Իրանի և «5+1խմբի» անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մի շարք հանդիպումներ:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ալեն Էյրն իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ «Համատեղ գործողությունների ծրագիրը» ևս 6 ամսով երկարաձգվի, ամերիկացի պաշտոնյան, պատասխանել է. «Մենք ժամկետների երկարաձգման մասին չենք մտածում, միայն կենտրոնացած ենք հուլիսի 20-ին ձեռք բերվելիք համաձայնության վրա»:
Իրանի և «5+1 խմբի բանակցությունները կշարունակվեն մինչև հուլիսի 20-ը: