Լեպյոխին. Ռուսաստանը ձգտում է ԵՏՄ-ին անդամակցության հարցում Հայաստանի համար ապահովել առավել շահեկան պայմաններ
Ռուսաստանը ձգտում է Եվրասիական տնտեսական միության անդամակցության հարցում Հայաստանի համար ապահովել առավել շահեկան պայմաններ: Այս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն, ՌԳԱ Եվրասիական տնտեսական ինտեգրման, արդիականացման, մրցունակության և կայուն զարգացման համալիր խնդիրների հարցերի գիտական խորհրդի բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը:
Բանախոսը միևնույն ժամանակ շեշտեց, որ Հայաստանին դեպի այս կառույց ոչ ոք ուժով կամ շանտաժով չի տանում:
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ձգձգմանը, Լեպյոխինը ընդգծեց, որ հիմնական դժվարությունը կապված է այն բանի հետ, որ «Հայաստանը հենց սկզբից շատ կտրուկ առաջադրեց ԼՂՀ-ի սահմանների խնդիրը», ինչն, ըստ Լեպյոխինի, նորմալ է, պարզապես Ղազախստանի տեսակետն այս հարցում խաչվեց հայկական կողմի պահանջի հետ:
«Մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է առաջ բերվում, և այդ հարցը անընդհատ էլ արհեստականորեն բարձրացվելու է»,- ասաց Վլադիմիր Լեպյոխինը:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանը չաջակցեց Հայաստանին, բանախոսը նշեց , որ Մաքսային միությունը «եռանկյունաձև կառույց չէ», ուստի Ռուսաստանը չի կարող և չի պատրաստվում ուժ գործադրել անդամ պետությունների վրա, չնայած նրան, որ այս հարցում պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը:
Բանախոսը դրական գնահատեց ՀՀ իշխանությունների դիրքորշումն այս հարցում` նշելով, որ Երևանը «բազմաթիվ հարցեր կտրուկ առաջ էր բերում պայմանագրի ստորագրման գործընթացի շրջանակներում»:
Վլադիմիր Լեպյոխինի հավաստմամբ` Ռուսաստանի նախագահը մոտ օրերս կհանդիպի Հայաստանի նախագահի հետ, որպեսզի քննարկի անդամակցության դետալները, և, եթե անգամ այդ հանդիպումը չկայանա, ապա երկու նախագահների միջև տեղի կունենա հեռախոսային խոսակցություն:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով