Վրաստանի մշակույթի գործիչները պահանջում են բացել Գայանե Խաչատուրյանի թանգարան
Վրաստանի մշակույթի գործիչները պահանջում են երկրի իշխանություններից պահպանել նկարչուհի և գրող Գայանե Խաչատուրյանի ժառանգությունը: Այս մասին գրում է apsny.ge կայքը:
Մշակույթի 19 գործիչ նամակով դիմել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, գլխավոր դատախազին, հուշարձանների պահպանության և մշակույթի նախարարին: Մշակույթի գործիչները պահանջում են ստեղծել կառավարական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի արվեստագետի ժառանգության հետ կապված հարցերը և հող նախապատրաստի նկարչուհու թանգարանի բացման համար:
«Ես` Գայանե Խաչատուրյանս ծնվել եմ քաղաք Թբիլիսիում: Երբ ինձ մոտ եկավ գիտակցությունը, ես առաջին անգամ տեսա ինձ հայելու մեջ` խոշոր աչքերով և սև մազափնջով ... Եվ մինչ օրս ես ինձ զգում եմ մեծ, լայն գլխարկով թզուկ: Ես հանում եմ գլխարկս ամեն անգամ, երբ քայլում եմ քաղաքում, Քռի ափով, երբ մոտենում եմ Թբիլիսիի շարժվող լեռներին և խոնարհվում եմ նրա տաճարների առջև: Սա ինձ համար քաղաք չէ, սա ինձ համար թատրոն է, գեղանկարչության թատրոն: Իսկ գեղանկարչությունը անբաժանելի է ինձնից: Դա իմ մաշկն է, իմ կմախքը: Ես պարզապես չեմ կարող առանց վրձնի, առանց ներկապնակի, առանց ներկերի...»,- իր մասին ասել է նկարչուհի Գայանե Խաչատուրյանը:
Ծագումով հայ, բայց ողջ կյանքը Վրաստանում ապրած և ստեղծագործած Գայանե Խաչատուրյանը ծնվել է 1942 թվականին, մահացել 2009 թվականին: Նա թաղված է Թբիլիսիի հայ մշակույթի գործիչների պանթեոնում: Գ. Խաչատուրյանը 1963 թ. ծանոթացել է Ա. Բաժբեուկ-Մելիքյանի հետ, ով նրան շատ է օգնել կայացման գործում։ Նկարչուհու ստեղծագործությամբ հետաքրքրվել է Վրաստանի ժողովրդական նկարիչ Ե. Ախվլեդիանին։ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում ունեցել է ցուցահանդեսներ:
Հարակից հրապարակում՝
«Ես պարզապես չեմ կարող առանց վրձնի, առանց ներկապնակի, առանց ներկերի»... Գայանե Խաչատուրյան (լուսանկարներ)