Կ. Մանոյան. Ռուսաստանն իրականում շահագրգռված չէ, որ հայ-թուրքական սահմանը բացվի
Թուրքական իշխանությունները փորձում են փոխել իրենց քաղաքականությունը` խախտելով քեմալիզմի հիմքերը, սակայն Հայաստանի հետ հարաբերություններում մոտեցումները միայն ֆորմալ են փոխվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:
Անդրադառնալով Թուրքիայի տարբեր լրատվամիջոցներով տարածվող հայտարարություններին` մասնավորոպես, որ «Թարաֆ» թերթի տեղեկություններով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանը բացելու հանձնարարական է տվել, Մանոյանը նշեց. «Էրդողանը փորձում է իր իմիջը փոխել, ցույց տալ, իբր ինքը այնքան էլ վատը չի: Այդ պատճառով էլ ցույց է տալիս, թե իբր քրդերի, Հայաստանի հետ փորձում է հարցերը լուծել»:
Հանդիպմանը ներկա ՝«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ ավելացրեց, որ Թուրքիայի քայլերը մեծապես պայմանավորված են լինելու միջազգային հանրությանն ուղղված ուղերձներով, հայտարարություններով, իբր ցանկանում են հարաբերությունները բարելավել` միջազգային ճնշումը մեղմելու համար:
«2015թ. ընդառաջ մենք շատ ենք տեսնելու Թուրքիայի նման հայտարարությունները, սակայն Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորել Ադրբեջանի հետ հարաբերություններով»,-նշեց Արա Պապյանը:
Ըստ նրա` թուրքերին հաջողվեց միջազգային հասարակությանը համոզվել, որ մեր խնդիրը սահմանի փակ լինելու հարցն է, երբ բացվի, ամեն ինչ կհարթվի:
Խոսելով այս հայտարարությունների նկատմամբ ՀՀ արտգործնախարարության արձագանքներից` Պապյանն ավելացրեց, որ մեր հասարակությանը հուզող կարևորագույն հարցերից մեկը հայ-թուրքական հարաբերություններն են, իսկ արտգործնախարարությունը պիտի հստակ ուղղորդող դեր կատարի. «Հիմա տիրող իրավիճակը բավարար չեմ գնահատում: Աշխարհին ուղերձներ հղելու քանակի ավելացմանը զուգահեռ, պետք է ունենալ նաև որակական փոփոխություններ»:
Հանդիպմանը տեսակապով միացած լրագրող, թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալջին էլ ավելացրեց, որ եթե 5 տարի առաջ «Թարաֆը» հրապարակեր սահմանների բացման մասին լուրը, արձագանքն ավելի շատ կլիներ, իսկ հիմա Թուրքիայի հասարակությունը հանգիստ արձագանքեց այդ լուրին:
Կիրո Մանոյանն էլ վերջում նկատեց. «Ռուսաստանն իրականում շահագրգռված չէ, որ սահմանը բացվի. ընդհակառակը` արևմուտքն է շահագրգռված թուլացնել Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը տարածաշրջանում սահմանը բացելու միջոցով»:
Հարակից հրապարակումներ`
«Թարաֆ»-ի տեղեկատվությունը` թուրքական հասարակության տրամադրությունների ստուգման փորձ. Կարծիքներ