Քեթրին Էշթոնը Քեսաբի հարցով պատասխանել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբին
Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը, ի պատասխան հունիսի 6-ի ուղարկած նամակին, որում իր մտահոգությունն էր հայտնել իսլամիստների կողմից Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքի վրա կատարված հարձակման և դրանում Թուրքիայի դերակատարման կապակցությամբ, պատասխան է ստացել Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնից: Այս մասին ասվում է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:
Նամակում Էշթոնի ներկայացուցիչ Վասիլիս Բոնտոսօղլուն նշել է, որ ԵՄ-ն կիսում է սիրիահայերի, հատկապես անմեղ քաղաքացիների ծանր կեցությունը, ովքեր ծայրահեղական ուժերի թիրախ են դարձել:
«ԵՄ-ն դատապարտում է Սիրիայի քաղաքացիական բնակչության վրա կատարված ցանկացած հարձակում: Վերջերս ԵՄ-ն կրկին իր մտահոգությունը հայտնեց Սիրիայի խոցելի խմբերի, ազգային և կրոնական փոքրամասությունների վատթարացող վիճակի կապակցությամբ: Եվրոպական միությունը բազմիցս նշել է Մերձավոր Արևելքի կայունության վրա «Ալ-Կաիդայի» և նրա հետ առնչություն ունեցող խմբավորումներից եկող վտանգի մասին»,-ասվում է նամակում:
Բոնտոսօղլուն վստահեցրել է, որ շարունակելու են ջանքեր գործադրել ծայրահեղականության դեմ պայքարելու և Սիրիայի կրոնական ու ազգային տարբեր խմբերին աջակցելու համար, որպեսզի կարողանան խաղաղ գոյատևեն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը ԵՄ-ին հունիսի 6-ին նամակ էր հղել, որում կոչ է արել դատապարտել Քեսաբի և Հալեպի վրա կատարված հարձակումները, քայլեր ձեռնարկել այդ գործողությունները կանխելու համար, ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի չզինի ապստամբական խմբավորումներին ու նրանց Սիրիա չուղարկի` հայկական քաղաքների ու գյուղերի վրա հարձակվելու համար:
Նախորդող հրապարակում`
Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ԵՄ-ին կոչ է արել դատապարտել Հալեպի վրա կատարված հարձակումը
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով