Ապրեսյան. Հայաստանում զբոսաշրջությունը զարգանում է բոլոր առումներով
Հայաստանում զբոսաշրջությունը զարգանում է բոլոր առումներով: Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը Panorama.am-ին ասաց, որ նախորդ տարվա համեմատ ավելացել են թե Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը, թե Հայաստանից զբոսաշրջության նպատակով այլ երկրներ մեկնածների թիվը, մեծ աշխուժացում է գրանցվել նաև ներքին տուրիզմի ոլորտում:
Այժմ վարչության աշխատակիցներն ամփոփում են այս տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշները, իսկ մինչ այդ առաջնորդվում են առաջին եռամսյակի տվյալներով՝ 2014թ. հունվար-մարտին հանրապետություն են ժամանել 154 471 զբոսաշրջիկներ կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 20.5%: 2014թ. հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 162 073 մարդ կամ 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.2%:
Ապրեսյանն անզեն աչքով էլ տեսնում է, որ Երևանում ու հանրապետության մյուս քաղաքներում օտարերկրացի զբոսաշրջիկները շատ են: Վերջերս Ծաղկաձոր աշխատանքային այցի ընթացքում տեսել է ճապոնացիների, հնդիկների, ռուսների, իրանցիների, սկանդինավյան երկրներից ժամանածների:
«Նրանց կարելի է տեսնել նաև մյուս քաղաքներում»,-ասաց Ապրեսյանը:
Ոլորտի պատասխանատուն 2000 թվականից գրանցվող ամենամյա աճը համարում է իրականացված պետական քաղաքականության, պետություն-մասնավոր հատվածի համագործակցության, ենթակառուցվածքների բարելավման, ծառայությունների որակի բարձրացման, ներդրումային գործարար միջավայրի բարելավման, երկիր մուտքն ու ելքը մատչելի դարձնելու, բաց երկնքի քաղաքականության, զբոսաշրջային տների ձևավորման, զբոսաշրջային ավտոբուսների պարկի բարելավման, գործարարների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է:
Բացի այս ամենից, նա վստահեցնում է, որ Հայաստանը տարեցտարի ավելի ճանաչված է դառնում աշխարհում, անվտանգ երկիր ենք, հանրային առողջությունը լավ մակարդակի վրա է:
«Մոտ 40 երկրների հետ պարզեցված վիզային ռեժիմ է գործում, մուտքի վիզա կարող են ստանալ օտարերկրյա մեր դիվանագիտական ներկայացուցչություններում, թե սահմանը հատելիս, թե առցանց, ինչը ոչ բոլոր երկրներում կա: Հայաստանն առաջիններից է, որ ներդրել է այս համակարգը»,-ասաց վարչության պետը, ավելացնելով, որ նվազեցվել է նաև վճարվող դրույքաչափը:
Ապրեսյանին չեն զարմացնում լուրերը, թե դժվարությամբ են հայաստանյան հյուրանոցներում ազատ տեղեր գտնում:
«Զբաղվածության մակարդակը բարձր է, զբոսաշրջային ակտիվ սեզոն է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ներքին տուրիզմին, ապա Ապրեսյանի ներկայացրած տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում այն ավելացել է 50 տոկոսով:
«Շատ են գնում առողջարաններ՝ Արզնի, Ջերմուկ, Հանքավան, Ստեփանավան: Մեծ է Լեռնային Ղարաբաղ մեկնողների թիվը: Միջազգային զբոսաշրջիկները նույնպես շատ են գնում Ղարաբաղ, մենք ակտիվորեն համագործակցում ենք Լեռնային Ղարաբաղի մեր գործընկեր կառույցի հետ և այն արդյունքներ տալիս է»,-ասաց նա:
Ապրեսյանը բազմիցս լսել է խոսակցություններ, թե Հայաստանում ծառայությունների գները բարձր են, բայց դրանց հետ չի համաձայնել:
«Հիմա կհիմնավորեմ: Booking.com մտեք ու համեմատեք: Վրաստանի գների մասին խոսելիս պետք է վերցնել համեմատելի մեծություններ, Երևանը համեմատել Թբիլիսիի, ոչ թե Քոբուլեթիի հետ, բացի այդ պետք է համեմատել Երևանի ու Թբիլիսիի համարժեք հյուրանոցները, չի կարելի Երևանի Մարիոթը համեմատել Թբիլիսիի եսիմ ինչ հյուրանոցի հետ»,-բացատրեց Ապրեսյանը, ավելացնելով, որ Հայաստանում մատուցած ծառայություններն առավել բարձրորակ են: