«Վանի ավիաուղիները» ծրագրում են հետագայում չվերթներ իրականացնել նաև դեպի Հայաստան
Ստամբուլում և Վանում բնակվող մի խումբ գործարարների ու նախաձեռնողների կողմից հիմնադրվում է «Վանի ավիաուղիներ» օդային փոխադրումների ծառայությունը: Նախաձեռնության նպատակը Վանի տնտեսական և զբոսաշրջային ներուժի վրա ուշադրություն հրավիրելն է:
«Հաբեր Վան» լրատվական կայքը տեղեկացնում է, որ «Վանի ավիաուղիներ» բաժնետիրական ընկերությունը ասպարեզ է մտնում 3 մլն դոլար կապիտալով: Ընկերության բաժնետոմսերի վաճառքը բաց է քաղաքացիների առաջ և ցանկացողները կարող են մասնաբաժին ունենալ` սկսած 10.000 թուրքական լիրայից: Սակայն նույն ընտանիքից առավելագույնը 2 հոգի կարող են բաժնետոմս գնել մինչև 100.000 լիրայի չափով:
«Վանի ավիաուղիներ»-ի հիմնադիր կազմում են Վանի առևտրա-արդյունաբերական պալատը, Վանի առևտրային բորսան, Վանի արհեստագործական պալատների միությունը, Վանի հիմնադրամը: Ըստ նախատեսվածի` առաջին չվերթն իրականացվելու է 2015-ի ապրիլի 2-ին: Ամեն օր կայուն սակագնով լինելու են Վան-Անկարա-Վան, Վան-Ստամբուլ-Վան չվերթներ:
Սկզբնական շրջանում ընկերությունը վարձակալելու է 180 ուղևորի համար նախատեսված 6 հատ Boing 737 տեսակի ինքնաթիռ: Հետագայում իր կապիտալը 50 մլն դոլարի հասցնելու դեպքում «Վանի ավիաուղիներ» բաժնետիրական ընկերությունը ծրագրում է գնել DC 9 տեսակի ինքնաթիռներ և չվերթներ իրականացնել նաև դեպի Հայաստան, Իրան, Իրաք և Վրաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում