Գայլերն ամռանը գյուղերում խրախճանք են անում. «Էկոհամակարգի խախտման հետևանք է»
Գայլերն արդեն ամռանն են գյուղեր մտնում ու խրախճանք անում: Շիրակի մարզի Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը Panorama.am-ին պատմեց, որ նախորդ օրը գայլերը մտել են գյուղացիներից Աղասի գոմը: Նա 80 ոչխար ուներ: Գայլերը 17-ին խեղդել են, 7 գառ, 1 ուլ ու 1 մայրացու տարել են հետները, 10-ին էլ վիրավորել են ու թողել:
Գյուղապետն էլ չգիտի, արդյոք տուժած համագյուղացուն աջակցություն կցուցաբերվի, թե՞ ոչ: Նախորդ մի քանի տարիներին բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ կառավարությունը որոշել էր գայլ սպանողներին պարգևատրել: Մեկ գայլի դիմաց կենդանասպանը ստանում էր 100 հազար դրամ: Տարեկան կարելի էր սպանել 100 գայլ, ապա այդ թիվն ավելացավ հասցվելով 200-ի: Արդեն երկրորդ տարին է, որ նման որոշում կառավարությունը չի ընդունում: Բնապահպանության նախարարությունից խոստացան պարզաբանել, թե ինչու:
Բնապահպան Կարինե Դանիելյանը ենթադրում է, որ գայլերի՝ ամռանը գյուղ գալու պատճառը էկոհամակարգի խաթարումն է:
«Մեր էկոհամակարգերը լուրջ խախտված են: Միայն գայլերը չեն, օրինակ էդ թրթուրները որ տարածվեցին... եթե մենք թռչուներին վերացնում ենք, թրթուրները պետք է տարածվեն, եթե մենք նապաստակներին ու մնացած մանր կենդանիներին ոչնչացնում ենք, անտառները կտրտում ենք, գայլը մնում է առանց սնունդի, և ամռանը կարող է գառ հոշոտել: Ես, ու ոչ միայն ես, կարծում ենք, որ դա էկոհամակերգերի լուրջ խախտման հետևանք է»,-Panorama.am-ին ասաց Կարինե Դանիելյանը:
Բնապահպանը կողմ չէ կառավարության` գայլերին ոչնչացնելու որոշմանը:
«Այդպիսի փորձեր եղել են, երբ գայլերին ոչնչացրել են, հետո սկսել են տարբեր հիվանդություններ տարածվել այն կենդանիների մոտ, որոնցով գայլը սնվում է: Գայլը բնության սանիտարն է: Ես չեմ կարծում, որ նրանք բազմացել են, ես կարծում եմ, որ դա էկոհամակորգի խախտում է ու գայլի սնունդի պակասի հետևանք»,-ասաց նա:
Կ. Դանիելյանի խոսքով, որսի ժամանակ սահմանափակումները լիարժեք չեն պահպանվում, ինչի հետևանքով էլ այսօր նման իրավիճակ է ստեղծվել. «Սա մի շղթա է»:
Նախորդող հրապարակումներ՝
Մինչև ապրիլի կեսը թույլատրվում է իրականացնել 200 գայլի որս
Գայլերի հարձակումից տուժած գյուղացիներն ապաքինվում են. «Վախ կա, զգում եմ, որ գիշերները գայլ է գալիս»