Կան դեպքեր, երբ հաշմանդամություն ունեցող երեխաներին չեն ընդունում ներառական դպրոցներ. ՄԻՊ
ՄԻՊ գրասենյակը հստակ վիճակագրություն չունի, թե վերջին երկու տարում քանի դիմում-բողոք է ստացվել այն ծնողներից, ում հաշմանդամություն ունեցող երեխաներին չեն ընդունում ներառական կրթություն իրականացնող դպրոց: Այդ ժամանակահատվածում գրասենյակը մի քանի գրավոր դիմում է ստացել, ինչպես նաև բազմաթիվ զանգեր թեժ գծին: Այդ գործերն առանց պաշտոնական գրագրության լուծում են ստացել: Այս մասին Panorama.am-ի հարցման ի պատասխան նշել են ՄԻՊ գրասենյակից:
Հետաքրքրվել էինք նաև, թե արդյո՞ք պարզել են, թե ի՞նչ հիմնավորմամբ են կրթական հաստատությունները մերժում երեխայի կրթություն ստանալու իրավունքը. «Եղել են դեպքեր, երբ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխային չեն ընդունել տվյալ համայնքի դպրոցը` պատճառաբանելով, որ դպրոցը մատչելի չէ երեխայի համար: Ծնողն անգամ առաջարկել է անձամբ երեխային ուղեկցել դպրոց և շենքի ներսում տեղափոխել դասասենյակներով: Շատ դեպքերում տնօրենները գնահատողական են մոտեցել երեխայի ունակություններին և հնարավորություններին՝ ծնողին փորձելով համոզել, որ երեխան չի կարողան սովորել ընդհանուր հանրակրթական դպրոցում և պետք է հաճախի հատուկ հանրակրթական դպրոց: Առանձին դեպքերում նման մերժումները պատճառաբանում են` իբր ելնելով երեխայի և ծնողների շահերից: Հիմնավորում են նաև համապատասխան միջոցների և պայմանների բացակայությամբ»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որ համայնքներում է ավելի սուր դրված այդ հարցը` քաղաքային, թե գյուղական նշվում է, որ խնդիրն ավելի ընդգծված է գյուղական համայնքներում, որտեղ իրազեկման ցածր մակարդակին ավելանում են նաև ընտանիքների առավել վատթար սոցիալ-տնտեսական պայմանների հարցը և տարածված կարծրատիպերը երեխայի հաշմանդամության վերաբերյալ: Այսինքն, գյուղերում ծնողները նույնիսկ տեղյակ չեն ներառական կրթության հնարավորության մասին, և ըստ սովորության, երեխային տեղավորում են մոտակա կամ երբեմն նույնիսկ հեռու տեղում գտնվող հատուկ դպրոցներ: Մյուս կողմից, ցածր կենսամակարդակ ունեցող ընտանիքների համար հատուկ դպրոց երեխային տեղավորելը լուծում է նաև երեխայի հացի խնդիրը, քանի որ ընտանիքը ստիպված չի լինում հոգալ երեխայի հիմնական պահանջմունքների հոգսը, արդյունքում դա իրականացվում է ուսումնական հաստատության կողմից: Եվ հենց սա է հիմնական պատճառներից մեկը, որ հատուկ դպրոցներում հայտնվում են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող երեխաներ:
Ըստ ՄԻՊ գրասենյակի` կան դեպքեր նաև, երբ սեփական երեխայի հաշմանդամությունը որոշ ընտանիքների կողմից ընկալվում է որպես ոչ պատվաբեր երևույթ, ինչի արդյունքում երեխային սկսում են մեկուսացնել շրջապատի մարդկանցից, հարազատներից և այլն: Իսկ հատուկ դպրոցն այս իմաստով լուծում է մեկուսացման խնդիրը, քանի որ երեխաները միայն հանգստյան օրերին են վերադառնում տուն, իսկ առանձին դեպքերում՝ միայն արձակուրդներին:
Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի ներառական կրթության մասով ՄԻ պաշտպանը:
«Ներառական կրթությունը հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք կյանքի ապահովման և իրավահավասարության պաշտպանության հիմնաքարերից է: Երեխաների մեկուսացման և ‹‹մասնագիտական›› մոտեցմամբ սովորեցնելու մոդելը չի լուծում հաշմանդամություն ունեցող երեխաների՝ հետագայում սոցիալական ինտեգրման և հասարակությունում կայացման կարևորագույն խնդիրները: Փորձն ապացուցել է, որ առանձնացված օժանդակ ուսումնական հաստատությունները, միևնույն է չեն կարողացել լուծել երեխաների համար կարևոր մի շարք խնդիրներ՝ փոխանցել կյանքի կարևորագույն հմտություններ, ինքնասպասարկման համար անհրաժեշտ գիտելիքներով ապահովել՝ մնացած ողջ կյանքի ընթացքում երեխաների վրա թողնելով հատուկ դպրոցի շրջանավարտի այդչափ վատ ընկալվող ‹‹կնիքը››: Ներառական կրթության գաղափարի լիարժեք իրականացումը Հայաստանում կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց առավել ներառմանը, ընդունմանը հասարակության կողմից, ինչպես նաև շրջապատի հարմարեցմանն իրենց կարիքներին»,- ասված է ՄԻՊ պատասխանում:
Նախորդող հրապարակում`
Ներառական կրթության երեկն ու այսօր. Ի՞նչ ունենք
Ա.Բախշյան. Ներառական դպրոցների հարգելի տնօրեններ, խնդրում եմ հետևեք ձեր թիմի կրթությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան