Հայրենիք վերադարձած արարատցիները փորձում են իրենց սեփական բիզնեսը հիմնել մարզում
Հայաստան վերադարձած միգրատների համար Արարատի մարզում իրականացվում է «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միությունից: Ծրագիրն անցկացվում է «Մարդը կարիքի մեջ» և «Հայ օգնության միություն» կազմակերպությունների նախաձեռնությամբ, որոնց ջանքերով էլ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում հիմնադրվել են միգրացիոն ռեսուրս կենտրոններ:
Արարատի մարզի միգրացիոն ռեսուրս-կենտրոնի տնօրեն Մարինե Համբարձումյանը մարզ այցելած լրագրողներին հայտնեց, որ ծրագիրը գործում է է 2013թ-ից, որի նպատակն է աջակցելու աշխատանքային միգրանտների վերաինտեգրմանը: Ըստ նրա` հայրենիք վերադարձած միգրանտների համար կազմակերպում են բիզնես դասընթացներ, որի նպատակն է գիտելիքներ հաղորդել բիզնեսի կազմակերպման տարբեր փուլերի մասին:
Մ.Համբարձումյանը նշեց, որ Արարատի մարզից ատագնա աշխատանքի մեկնողները մեծ թիվ են կազմում, քանի որ մարզում աշխատատեղեր չկան: Հայրենիք վերադառնալուց հետո նրանք մնում են առանց աշխատանքի ու կրկին մտածում են մեկնելու մասին: Ուստի այս մարդկանց աջակցելու համար իրականացնում են բիզնես-դասընթացներ:
«Կարծում եմ, որ Ռուսաստանում աշխատանք փնտրողների մի մասը նույն հաջողությամբ կարող է իր ընտանիքը ապահով պահել նաև սեփական գյուղում»,- ասաց նա:
Դասընթացին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 103 միգրանտ, սակայն մասնակցել է 58-ը: Նրանցից բիզնես-ծրագրեր ներկայացրել են 29-ը, սակայն համապատասխան հանձնաժողովի կողմից դեռևս հավանության է արժանացել 9 ծրագիր: Մ.Համբարձումյանն ասաց, որ եթե մասնակիցների ներկայացրած բիզնես ծրագրերը վերջնական հաստատվեն հանձնաժողովի կողմից, ապա նրանց դրամաշնորհներ կտրվեն`1,5-5 մլն դրամի չափով: Գումարի 20 տոկոսն էլ կներդնի շահառուն: Նշվեց նաև, որ շահառուներին տրամադրում են տվյալ գումարի չափով տեխնիկական սարքավորումներ, մեկ տարի վերահսկում են ծրագիրը, իսկ արդյունքները գնահատելուց հետո գույքը նվիրվում է շահառուին:
«Մեր նպատակն է ստեղծել աշխատատեղեր, քանի որ մարզերում աշխատատեղերի խնդիրը լուրջ է: Հուսով եմ` այն ծրագրերը, որոնք ներկայացրել են շահառուները, հաջողություն կունենան: Ինչքան շատ աշխատատեղեր ստեղծվեն, այնքան շատ երիտասարդներ իրենց ընտանիքների կողքին կլինեն և ընտանիքները չեն մասնատվի»,- ասաց Մ.Համբարձումյանը:
Նշենք, որ լրագրողների այցը Արարատի մարզ կազմակերպել էր «People in need» կազմակերպությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները