Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը՝ Ադրբեջանում իսլամական գործիչների նկատմամբ կիրառվող ճնշումների մասին
«Ադրբեջանում «հեջաբ» կրելու հարցում լուրջ սահմափակումներ կան»,-այդ մասին իրանական «Արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Արևելյան Ատրպատական նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Մոջթահեդ Շաբեսթարին:
Իրանցի բարձրաստիճան հոգևորականը ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանում իսլամական գործիչների նկատմամբ կիրառվող ճնշումներին, մասնավորապես նշել է. «Որոշ իսլամական երկրներում, ինչպիսին Ադրբեջանն է, «հեջաբ» (մուսուլման կանանց հանդերձանք) կրելու հարցում լուրջ սահմանափակումներ կան. Բազմաթիվ բարեպաշտ մարդիկ, այդ սահմանափակումները վերացնելու նպատակով ակտիվ պայքար մղելով, պատրաստ են եղել ազատազրկվել»:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում հեղինակը, անդրադառնալով Ադրբեջանում իսլամի վիճակին՝ հոդվածի հեղինակը նշել է. «1996թ. Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այդ երկրի իսլամական կուսակցությունը լուրջ խնդրի առջև կանգնեց, իսկ նրա ղեկավարների մի մասը ձերբակալվեց, իսկ մի մասն էլ ստիպված լքեց երկիրը. Քանի դեռ, Ադրբեջանում իսլամական կուսակցության գործունեության համար բարենպաստ մթնոլորտ չի ձևավորվել, ԻՇԻՊ-ը և սալաֆիական այլ խմբավորումներն Ադրբեջանում գնալով կամրապնդեն իրենց դիրքերը»:
Ավելի վաղ Ասթարայի հոգևոր առաջնորդ (իմամ ջոմե) հոջաթ օլ-էսլամ Քազեմ Հաֆեզ Նիան «Ղաֆղազնյուզ» կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանում կրոնական գործիչների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, մասնավորապես նշել էր. «Ադրբեջանի իշխանությունները պետք է պատմությունից դասեր քաղեն և ազատազրկված կրոնական գործիչներին ազատ արձակեն: Իրանում Ռեզա շահը ևս դեմ էր հեջաբին, արդյունքում՝ կորցրեց իշխանությունը: Եթե Ադրբեջանի իշխանությունները շարունակեն գործել կրոնական գործիչների դեմ, ապա Իրանի շահի պես կկորցնեն իրենց իշխանությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում