Իրանի ԱԳ փոխնախարար. «5+1 խմբի» հետ դեռ տարաձայնություններ են
«5+1 խմբի» հետ հիմնական տարաձայնությունների հարցում դեռևս համաձայնության չենք հասել,-այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Իրանի ԱԳ փոխնախարարը, ով այդ օրերին իրանական պատվիրակության կազմում Վիեննայում մասնակցում է Իրանի և «5+1 խմբի» հանդիպումներին, անդրադառնալով բանակցությունների արդյունքին, մասնավորապես նշել է. «Ներկա փուլում համապարփակ համաձայնագրի տեքստի շուրջ 60-65 տոկոսի հարցում ենք համաձայնություն ձեռք բերել. Հուսով եմ, որ առաջիկա օրերին Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների ուղղակի բանակցությունների արդյունքում որոշակի առաջընթաց կարձանագրվի»:
Շարունակելով խոսքը՝ փոխնախարար Արաղչին հավելել է. «Որոշումներ կան, որոնք պետք է արտգործնախարարները կայացնեն, հարցեր կան, որ փոխնախարարները կամ փորձագետները չեն կարող քննարկել»:
Նշենք, որ հուլիսի 2-ից Վիեննայում մեկնարկել է Իրանի և «5+1 խմբի» 6-րդ հանդիպումը. 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում կողմերի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսված «Համատեղ քայլերի ծրագրի» կատարման համար նախատեսված 6-ամսյա ժամկետն ավարտվում է հուլիսի 20-ին: Մինչև հուլիսի 20-ի վճռորոշ նիստը, այս կիրակի նախատեսվում է Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների նիստ հրավիրել, որից հետո Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ փոխնախարարների մակարդակով կշարունակվեն բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն համապարփակ համաձայնագրի տեքստի մշակման շուրջ առկա տարաձայնությունները հարթելուն առնչվող հարցեր:
Նախօրեին իրանական ԶԼՄ-ները տեղեկատվություն հրապարակեցին, համաձայն որոնց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չի մասնակցի Վիեննայում կայանալիք Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների նիստին, սակայն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել մասնակցել հուլիսի 13-ի նիստին:
Առայժմ հստակ չէ, արդյո՞ք Չինաստանի ԱԳ նախարարը կմասնակցի, թե ոչ կիրակի օրը կայանալիք նիստին:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը կանցնի առանց Սերգեյ Լավրովի
Իրանի ԱԳ նախարար. Հուլիսի 20-ին հուսով եմ պատմական իրադարձության ականատեսը կլինենք
ԱՄՆ-ն չի բացառում, որ հուլիսի 20-ին միջուկային հարցում Իրանի հետ համաձայնություն ձեռք կբերվի
Օբամա. Մենք վճռական ենք Իրանին հետ պահել միջուկային զենք ձեռք բերելուց
Իրանի հոգևոր առաջնորդ. Արևմուտքի առաջ քաշած միջուկային խնդիրը միայն պատրվակ