Երևանը դարձրել են անապատ ու հիմա զարմանում են, որ քաղաքում օձերն ու կարիճներն ավելացել են. Բնապահպան
«Քաղաքային իշխանություններն ինչ-որ բան անում են քաղաքի համար, մասնավորապես, ամառվա շոգից կանաչ տարածքները պահպանելու համար, բայց այդ քայլերը դանդաղ են և թույլ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գոհար Օգանեզովան` անդրադառնալով մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներին:
Նրա խոսքերով` մի կողմից կանաչ տարածքների պահպանման, Կենտրոնում նոր տարածքներ հիմնելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց մյուս կողմից շատ տեղեր կան, որոնք անմխիթար վիճակում են:
«Մեզ մոտ կանաչ բույսը չի հասկացվում որպես կենդանի. այն կարելի է առնել, տնկել, փոխարինել: Հոգատարություն չկա բույսի նկատմամբ»,- նշեց Գ. Օգանեզովան:
Ասուլիսի մյուս բանախոս, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ տնօրեն Կարինե Դանիելյանն էլ ասաց, որ, իհարկե, քաղաքում լավ բաներ կան` կանաչ տարածքների ավելացումը, գեղեցիկ նստարանները, բայց այդ բոլոր լավ երևույթները քաղաքաշինությունը մեկ վայրկյանում ջնջում է` մեծացնելով ռիսկերը: Ըստ նրա` էկոլոգիական հանձնաժողովներն առհասարակ դադարել են գործել, քանի որ ձևավորվել է քաղաքաշինական խորհուրդ, որտեղ կան անդամներ հանձնաժողովներից, բայց քանի դեռ խորհուրդը չի գործում, բոլոր հարցերը մնում են բաց:
«Մենք չենք հասկանում էկոլոգիայի հանդեպ մեր գործողության հետևանքները: Մենք չենք հասկանում, որ այս տարածքը կիսաանապատ է: Այն ժամանակ, որ Հյուսիսային պողոտան կառուցվում էր, ես այս մասին բարձրաձայնեցի, իսկ հիմա զարմանում են, որ քաղաքում օձերն ու կարիճներն ավելացել են: Որպեսզի մարդիկ կարողանան այստեղ ապրել, օձեր ու կարիճներ չլինեն, պետք է ֆաունան շատ լինի: Մենք Երևանը դարձրել էինք այդպիսին: Հյուսիսային պողոտան և նման կառուցապատումները Երևանին նորից դարձրին անապատ»,- ասաց Կ.Դանիելյանը:
Ըստ նրա` էկոհամակարգն ունի իր օրենքները և մենք չենք ենթարկվում այդ օրենքներին, իսկ հետո զարմանում ենք, թե բնությունն այս ինչեր է անում:
«Բնական աղետների քանակն ու ուժգնությունն ամեն երկու տարին մեկ կրկնապատկվում է: Բնությունը հակահարված է տալիս մարդկությանը»,- նշեց Կ.Դանիելյանը` հավելելով, որ մեր գործողության արդյունքում մոլորակին ու բնությանը հանում ենք մեր դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները