Ի՞նչ պետք է փոխվի ներառական կրթության համակարգում
Panorama.am-ը իր հրապարակումներում բազմիցս է անդրադարձել ներառական կրթությանը` ներկայացնելով ներառական կրթություն իրականացնող դպրոցների հագեցվածությունը, հասանելիությունը և այն խնդիրները, որոնք գոյություն ունեն համակարգում: Ուսումնասիրելով այդ ամենը կարելի է հանգել եզրակացության, որ թեև Հայաստանը որդեգրել է համընդհանուր ներառական կրթության քաղաքականությունը, այդուհանդերձ խնդիրները շատ են, իսկ որոշ դեպքերում անգամ ներառական կրթություն իրականացնող դպրոցների ղեկավարությունը մինչև վերջ չի գիտակցում այն կարևոր առաքելությունը, որ ստանձնել է. ստանձնել է ոչ թե հանուն հավելյալ ֆինանսավորման, այլ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներկայի և ապագայի համար:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի 2013թ-ին ներկայացված «ՀՀ-ում ներառական կրթության իրականացման գնահատում» վերլուծության հեղինակները ներկայացնում են մի շարք առաջարկություններ, որոնք կարող են փոխել իրավիճակը դեպի լավը:
Նախ, նշում են հեղինակները, անչափ կարևոր է, որպեսզի Հայաստանում ներառական կրթության կազմակերումը համատեղ ուսուցումից անցում կատարի դեպի բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծման միջոցով որակյալ կրթության մատուցմանը: Այլ կերպ ասած, պետական լիազոր մարմինը պետք է վերանայի ներառական կրթության իրականացման կարգը՝ բացառելով տարբերակված որևէ մոտեցման կիրառումը դասապրոցեսի ընթացքում և դրանից դուրս:
Համընդհանուր ներառականության իրատեսականությունը չափելու համար հեղինակների կարծիքով, հարկ է մինչև 2015թ.-ը հստակեցնել ներառական դպրոցների ավելացման դինամիկան և բյուջետային հատկացումները: Հնարավոր է կիրառել մարզային ավելացման տարբերակը՝ բալանսավորված աճ ապահովելու համար: Իսկ այն դեպքում, եթե որոշում կայացվի Տավուշի մարզի փորձնական ֆինանսավորման մոդելը դարձնել տիպային, հարկ է իրականացնել Տավուշի դեպքի խորը ուսումնասիրություն՝ որակ և ներդրում հարաբերակցությունը գնահատելու համար:
Ներառական կրթության համակարգի բարեփոխումների հետ կապված ցանկացած նախաձեռնություն պետք է մշակվի հասարակայնորեն բաց և թափանցիկ մթնոլորտում: Արդյունքները պետք է ներկայացվեն հանրային քննարկումներում ՝ պետական, հասարակական և միջազգային կառույցների մասնակցությամբ: Սա, ըստ հեղինակների, շատ կարևոր է:
Ինչ վերաբերում է մասնավոր առաջարկություններին, ապա Կրթության և գիտության նախարարությանն անհրաժեշտ է առավելագույնս հստակեցնել այն ֆիզիկական և նյութատեխնիկական չափանիշները, որոնց պետք է համապատասխանի ներառական դպրոցը: Անհրաժեշտ է օրենսդորեն սահմանել բազմամասնագիտական թիմի կազմը և գործառույթները, որում պետք է առնվազն ընդգրկված լինեն հատուկ մանկավարժ, սոցիալական աշխատող, հոգեբան և լոգոպեդ մասնագետները: Բազմամասնագիտական թիմի կազմը և գործառույթները պետք է ամրագրված լինեն օրինակելի կանոնադրության մեջ և պարտադիր լինեն բոլոր ներառական դպրոցների համար՝ անկախ ԿԱՊԿՈւ երեխաների քանակից և կրթության առանձնահատուկ կարիքների բնույթից:
Կրթության ազգային ինստիտուտին ուղղված առաջարկություններն են` պետք է ավելացվի ներառական կրթության վերապատրաստումների թիվը՝ շեշտադրելով գործնական գիտելիքները և հմտությունները: Հատուկ ուշադրության պետք է արժանանան առարկայական ուսուցիչները, բացի այս` անհրաժեշտ է մշակել կարիքի գնահատման և հետադարձ կապի ապահովման մեխանիզմներ, որոնք պետք է պարտադիր գործեն պետական կառույցների կողմից կազմակերպվող բոլոր վերապատրաստումների համար: Սա հնարավորություն կտա ստանալ անընդհատ ընթացիկ տեղեկատվություն տրամադրվող գիտելիքի կիրառելիության վերաբերյալ, որը կծառայի նաև ներառական կրթության համակարգի մոնիթորինգին և գնահատմանը:
Իսկ ահա հասարակական և միջազգային կառույցները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն շահառուների շրջանում ներառական կրթության վերաբերյալ համապատասխան դիրքորոշումների և ընկալումների ձևավորմանը: Նմանատիպ գործողություններ պետք է կատարեն նաև ներառական դպրոցների տնօրինությունները տեղում՝ ամենօրյա աշխատանք կատարելով ԿԱՊԿՈՒ և ոչ ԿԱՊԿՈՒ երեխաների ծնողների հետ:
Հիշեցնենք, Հայաստանում ներկայումս թվով 117 դպրոց է իրականացնում ներառական կրթություն, որից 55-ը` Երևանում: Ուսումնասիրելով դպրոցների ցանկը տեսանելի է, որ Երևանից հետո մեծ թվով ներառական դպրոցներ կան Տավուշում` 15 դպրոց, Լոռիում` 12 և Շիրակում` 10: Մնացած մարզերում ուսումնական այդ հաստատությունների թիվը 10-ից ցածր է, իսկ օրինակ Արագածոտնում ընդամենը մեկը:
Նախորդող հրապարակում`
Ներառական կրթության երեկն ու այսօր. Ի՞նչ ունենք
Հենաշարժական խնդիրներ ունեցող կամ մտավոր թերզարգացած երեխաների ծնողները չեն շտապում նրանց տանել դպրոց
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում