Արարատում զբաղվածությունը երիտասարդության թիվ մեկ խնդիրն է
Թեև Արարատի մարզն այլ մարզերի համեմատ առավել ինտեգրված է Երևանին, սակայն այստեղ ևս թիվ մեկ խնդիրը զբաղվածության հարցն է: Այս մասին Արարատի մարզ այցելած լրագրողներին ասաց Արտաշատի զբաղվածության մարզային կենտրոնի ղեկավար Վաչիկ Ավետիսյանը:
Նրա խոսքերով` Արարատի մարզում գործազրկության մակարդակը կազմում է 3 տոկոս. այս թիվը պաշտոնական է:
«Իհարկե, մենք չենք կարծում, որ սա իրական թիվն է, քանի որ շատերը չեն դիմում զբաղվածության կենտրոններ»,- ասաց Վ.Ավետիսյանը` հավելելով, որ հուլիսի 1-ի դրությամբ Արարատի մարզի զբաղվածության կենտրոնում գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 3694:
Ըստ Վ.Ավետիսյանի` զբաղվածության կենտրոնն այսօր աշխատում է նաև հայրենիք վերադարձած միգրանտների հետ, որպեսզի աշխատանքի տեղավորման հարցում աջակցեն նրանց:
«Հայրենիք վերադարձած շատ ու շատ աշխատանքային միգրանտների փորձում ենք ինտեգրել տեղի աշխատաշուկայում»,- ասաց նա` հավելելով, որ միգրանտների համար իրականացնում են մասնագիտական ուսուցման, բիզնեսի աջակցման դասընթացներ:
Բիզնես դասընթացը հաջող հաղթահարածներին տրվելու են վկայականներ, իսկ լավագույն բիզնես-նախագծեր ներկայացրած միգրանտներին կտրամադրվի դրամաշնորհ` նոր բիզնես սկսելու համար:
«Սա հաջողված ծրագիր է, կարծում եմ, որ հանձնաժողովի կողմից ընտրված նախագծերը մարզում նաև զբաղվածության հարց կլուծեն: Որքան շատ լինեն փոքր և միջին բիզնեսով զբաղվող մարդիկ, այնքան շատ մարդիկ աշխատանքով ապահովված կլինեն»,- ասաց Վ.Ավետիսյանը:
Նա կարևորեց նաև գյուղական բնակավայրերում զբաղվածության ապահովումը, քանի որ գյուղաբնակ երիտասարդները գյուղատնտեսությամբ զբաղվելու ցանկություն չունեն: Բուհերն ավարտող մեծ թվով ուսանողներ ևս չեն գտնում աշխատանք, քանի որ շատերն ուղղակի դիպլոմ ունենալու համար են այն ավարտում և բուհերի պատրաստած մասնագետ կադրերը չեն համապատասխանում աշխատաշուկայի պահանջարկին. արդյունքում բուհ ավարտած շատ ուսանողներ այլ մասնագիտություն են ձեռք բերում աշխատանք գտնելու համար: Բացի այդ, աշխատանքի տեղավորման համար գործատուները հաշվի են առնում նաև աշխատանքային փորձը: Այդ նպատակով, ըստ Վ.Ավետիսյանի, զբաղվածության կենտրոնում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար մասնագիտական դասընթացներ են կազմակերպվում: