Այս պահին իրատեսական չէ արևմտահայերենը ներառել դպրոցական ծրագրերում. նախարար
Սփյուռքահայ ուսուցիչները ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ժամանակ հիմնականում առաջարկել են արևմտահայերենը ներառել դպրոցական ծրագրերում, որոշ առարկաների գծով ավելացնել դասաժամերի քանակը, ինչպես նաև կարևորել անվճար դասագրքերի առաքման հարցը: Ի պատասխան` նախարարը նշել է, որ արևմտահայերենը ներառել դպրոցական ծրագրերում այս պահին իրատեսական չէ. գուցե այն ներառվի որոշ ավագ դպրոցների հումանիտար հոսքերում: Բացի այդ, ՀՀ բուհերից մեկում կ իրականացվի մագիստրոսական ծրագիր` արևմտահայերենով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջ, որտեղ անցկացվում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա ծրագիրը: Ողջունելով ուսուցիչներին` նախարարը նշել է, որ այս տարի ուսուցիչներին այցելել է դասապրոցեսի ընթացքում, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանա ուսուցիչների խնդիրներին, լսի նրանց առաջարկություններն ու դիտողությունները: Արմեն Աշոտյանը նշել է, որ սփյուռքահայ ուսուցիչների առաքելությունն իրականում կրկնակի ծանր է` աշխատելով որպես մանկավարժ` միաժամանակ նրանք իրեն ց ուսերին կրում են համայնքի խնդիրների դժվար բեռը` ծառայելով հայապահպանության նպատակին:
Նախարարը կարևորել է նաև հեռավար ուսուցմամբ վերապատրաստումները` նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացը թույլ է տալիս նման վերապատրաստումներ իրականացնել, քանի որ ամեն ուսուցիչ չէ, որ կարող է անձամբ ներկա գտնվել հայրենիքում իրականացվող վերապատրաստումներին:
Ուսուցիչները, որոնց մեծ մասն առաջին անգամ էր հայրենիքում, նշել են, որ վերապատրաստումները շատ օգտակար են` և մասնագիտական, և հայրենաճանաչության տեսանկյունից:
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը մասնակցում են 12 երկրների 49 ուսուցիչներ: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում ուսուցիչները կհանդիպեն ՀՀ լավագույն մասնագետներին՝ դասախոսների ԵՊՀ-ից, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից և Կրթության ազգային ինստիտուտից: Մեկ ամիս տևողությամբ ծրագիրն իրականացնում է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների կողմից՝ համապատասխան ծրագրով ըստ հետևյալ խմբերի՝ ուսուցում մանկապարտեզում, ուսուցում մեկօրյա դպրոցում, դպրոցների կառավարում, լրացուցիչ կրթության և արտադասարանային դաստիարակության կազմակերպում (երգ, պար, թատրոն, նկարչություն, ձեռագործ և այլն), տարրական ուսուցման մեթոդիկա և տարրական կրթության կազմակերպում: Լսարանային պարապմունքներից բացի, ուսուցիչների համար նախատեսված են նաև այցելություններ Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր, թատրոններ և թանգարաններ: Դասընթացի ավարտին ուսուցիչները կստանան ՀՀ ԿԳՆ և Կրթության ազգային ինստիտուտի վկայագրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա