ՊՆ խոսնակ. Վիրավորված կնոջ աչքի վերականգնման մասին կմտածեն ապաքինումից հետո
Քարվաճառում դիվերսիոն խմբի չեզոքացման ընթացքում վիրավորված կնոջ վիճակը լավ է, դրական դինամիկա կա: Panorama.am-ի թղթակցի հարցին պատասխան ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այդ կինը օրվա մեջ մի քանի ժամ առանց սարքավորումների է շնչում:
«Բժիշկներն ասում են, որ Կարինե Դավթյանի կյանքին վտանգ չի սպառնում, գործընթաց է, պիտի կամացից ապաքինվի, վերականգնվի: Դրանից հետո կմտածեն աչքի արհեստական վերականգնման մասին»- ասաց նա:
Դիտարկմանը՝ վարկած է հնչել, որ դիվերսանտները կնոջը ծեծել են, ՊՆ մամուլի խոսնակն արձագանքեց, որ նախաքննությունը կպարզի: Այս պահին Արծրուն Հովհաննիսյանն այլ մանրամասներ ներկայացնել հրաժավեց՝ նշելով, որ դեպքի վկաներից մեկը՝ սպան մահացած է, իսկ մյուս վկան Կարինե Դավթյանն է:
Նա վստահեցրեց, որ դեպքի մանրամասները կներկայացվեն:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա` 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:
Կարդացեք նաև՝
Քարվաճառում վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում
Քարվաճառում վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է. ՊՆ մամուլի խոսնակ