Եթե հաշմանդամություն ունեցող երեխաները դպրոցում չեն, ապա ո՞ւր են. Ա.Բախշյան
Հանրակրթությունից դուրս մնացող երեխաների թիվը, ցավոք, ամեն տարի ավելանում է, սակայն ամենացավալին այն է, որ հատկապես կրթությունից դուրս են մնում հաշմանդամություն ունեցող երեխաները: Ու թեև ներառական կրթություն իրականացնող դպրոցներ կան նաև մարզերում, սակայն երեխաների թիվն անհանգստացնող է հատկապես մարզերում: Այս տվյալները արտացոլվում են նաև ՄԱԿ-ի զեկույցում …. Ինչո՞ւ են դուրս մնում երեխաները:
«Դրան նպաստող տարբեր պատճառներ կան` ծնողների խնդիր, սոցիալական պայմաններ, բնակության վայր, լիազոր մարմինների անփութություն` ՏԻՄ-երը պարտավոր են հաշվառել ու նաև հետևել յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը իրականացնելու, սակայն մեծամասամբ դա չի արվում»,- Panorama.am-ի հետ զրույցում խնդրին անդրադարձավ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը` որակելով այդ երևույթը իբրև բռնություն երեխայի նկատմամբ:
Ա.Բախշյանն ընդգծեց` վերահսկողության մեծ պակաս ունենք` թե նախարարության մակարդակով, թե ՏԻՄ-երի, քանի որ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությունից դուրս մնալու միտումը Հայաստանում աղետալի է. «Հատուկ դպրոցները կիսով չափ փակվեցին, ինչը միջազգային հանրության առջև պարտավորություն էր, բայց միևնույն է իրավիճակը չի շտապում փոխվել դեպի լավը: Այո, ունենք ներառական դպրոցներ, բայց այդ դպրոցները իրականում պատրաստ չեն ընդունել հաշմանդամություն ունեցող երեխաների, ավելին` որոշ ուսուցիչներ ու տնօրեններ ուղղակի խորշում են հատուկ կարիքներով երեխաներից ու ծնողներն էլ այդ կարծրատիպերով առաջնորդվելով պարզապես գերադասում են իրենց երեխաներին մեկուսացնել տներում: Սա, կրկնում եմ, բռնություն է երեխայի նկատմամբ»:
Իրավիճակը փոխելու համար նախկին պատգամավորն առաջարկում է` եթե այլ կերպ չի լինում, ապա հարկավոր է վերահսկողություն սահմանել, որպեսզի կառավարման բոլոր օղակները իրենց պարտականությունները կատարեն պատշաճ: Օրինակ, ՏԻՄ-ի համար թիվ մեկ պարտականությունը կրթության ոլորտում երեխաների հաշվառումն է` մարզում կա այսքան երեխա, համայնքում` այսքան, դպրոցներում էլ այսքան: Եվ եթե այդ թվերը չեն համընկնում հարց է առաջանում` ո՞ւր են այդ երեխաները:
«Դպրոցում չեն, իսկ ո՞ւր են: Յուրաքանչյուր երեխայի հետևից պետք է գնանք ու բացահայտենք պատճառը, հասկանանք և փորձենք ուղղել վիճակը: Եվ եթե պատկան մարմինները այս իրավիճակը արդարացնում են ծնողների որոշմամբ, ապա պետք է հիշեն, որ «Ընտանեկան օրենսգիրքը», որտեղ հստակ գրված է ` եթե ծնողը խոչընդոտում է իր երեխայի կրթությանը, ապա նա պատասխանատվության պետք է ենթարկվի»,- նշեց մեր զրուցակիցը և ևս մեկ անգամ շեշտեց` վերահսկողություն է հարկավոր ու խնդրին իսկապես լուծում տալու ցանկություն:
Նախորդող հրապարակում`
Ներառական կրթությունը հարիր է մեր քիմքին, մնաց լուծենք մնացած տեխնիկական խնդիրները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները