Գևորգ Կոստանյանը՝ Քարվաճառ ներթափանցած դիվերսանտների մասին
Դա Լեռնային Ղարաբաղի տարածքն է, և Հայաստանի իրավապահ մարմինները չունեն որևէ իրավասություն Քարվաճառում հայտնված դիվերսանտների հարցում որևէ քայլ ձեռնարկել: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Ինչքանով ես տեղյակ եմ, արդեն հարուցված է քրեական գործ այդ փաստի կապակցությամբ, և ձերբակալված անձինք կան»,- հավելեց Կոստանյանը:
Գլխավոր դատախազը նաև ասաց, որ չի տիրապետում տեղեկությանը, թե դիվերսանտներից մեկը տարիներ շարունակ Հայաստանում առևտրով է զբաղվել:
«Կարծում եմ՝ այդ բոլոր հարցերի պատասխանները ԼՂՀ-ում իրականացվող նախաքննության ընթացքում վստահաբար կպարզվեն»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ է կարծում Կոստանյանը, արդյոք Ադրբեջանին կհաջողվի՞ ձերբակալվածներին որպես ռազմագերի ներկայացնել, Կոստանյանը պատասխանեց. «Ասեմ հետևյալը՝ եթե չեմ սխալվում, ԼՂՀ-ն դեռևս 2001 թվականին վավերացրել է պատերազմի չորս կոնվենցիաները. վստահ եմ, որ ԼՂՀ իրավապահ մարմինները կարողացել են հստակ տարանջատել՝ որն է գերի, որն է ռազմական հանցագործ, վստահ եմ, որ ճիշտ իրավական գնահատական կտրվի»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը և ևս մեկը, որի տվյալները ճշտվում են, ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում հայտնաբերվել և ձերբակալվել են: Երրորդ անձը ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, որի արդյունքում նա ոչնչացվել էր: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ, հարուցվել է քրեական գործ: Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնվ. 1968թ.) և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.) ձերբակալված են: Շահբազ Ջալալ օղլի Գուլիևին առաջադրված է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
Հարակից հրապարակում
3 ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել