ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը շարժական բուժախտորոշիչ նոր կլինիկա ունի
ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում այսօր տեղի է ունեցել «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայի հանդիսավոր բացումը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
«Առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում»,- ասել է Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքերով` շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրը հնարավորություն կտա Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերի խոցելի բնակչության` աշխատանքային միգրանտների ու նրանց ընտանիքների շրջանում անվճար հիմունքներով բացահայտել ոչ միայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, այլև դրան զուգակցվող սեռավարակները, հեպատիտները և այլ հիվանդությունները` պահպանելով կամավորության ու գաղտնիության սկզբունքները:
Ապահովելով բժշկական ծառայությունների մատչելիությունը` միաժամանակ կիրականացվեն այլ ծառայություններ, զգալիորեն կմեծանա բժշկական խորհրդատվության ու լաբորատոր հետազոտության հասանելիությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի ՄԻԱՎ-ի վաղ ախտորոշման բարելավմանն ու բուժման արդյունավետությանը, ինչպես նաև խնամքի ժամանակին տրամադրմանը։
Հայաստանում այսօր գրանցված է ՄԻԱՎ վարակով 1785 մարդ (հաշվարկային թիվը` 3700), որոնցից 911-ի մոտ ՁԻԱՀ է ախտորոշվել։
Դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ ՁԻԱՀ-ի, ինչպես նաև այլ վարակների դեմ պայքարը Ռուսաստանի միջազգային հումանիտար համագործակցության մի մասն է կազմում: «Մեր երկիրը նորանոր ջանքեր է գործադրում այլ երկրների հետ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի գործում: Մասնավորապես մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում ԱՊՀ երկրների մեր սերտ գործընկերների հետ համագորակցության ընդլայնման վրա: Այսօր մենք ներկա ենք նշանակալի մի իրադարձության»,- ընդգծել է դիվանագետը, ում գնահատմամբ` Հայաստանի և Ռուսաստանի հիմնական նպատակը` քաղաքացիների առողջությունը պահպանելն է:
Վոլինկինը կարծիք է հայտնել, որ շարժական բուժախտորոշիչ նոր կլինիկան առողջապահության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման նոր սկիզբ է : Նա հաջողություն մաղթելով ծրագրին` շնորհակալություն է հայտնել բոլոր միջազգային կազմակերպություններին ցուցաբերած աջակցության համար: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը նշել է, որ շարժական կլինիկան Հայաստանին է հանձնվել մայիսին Մոսկվայում կայացած Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսի ժամանակ:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված ջանքերի կարևոր բաղկացուցիչներից մեկը բնակչությանը բժշկական ծառայությունների մոտեցումն է: Կլինիկայի շահագործումը թույլ կտա առավելագույնս մոտեցնելու ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտների, սեռավարակների կանխարգելման և ախտորոշման ծառայութ-յունները դրանց կարիքն ունեցողներին հատկապես հեռավոր մարզերում, զգալիորեն կմեծացնի խորհրդատվության ու հետազոտության հասանելիությունը:
Դրա շնորհիվ էապես կավելանա հետազոտվողների թիվը, ինչի արդյունքում կբարելավվի ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը, կընդլայնվի բուժման ծածկույթը, այսինքն` ավելի շատ բուժման ցուցում ունեցողների կտրամադրվի հակառետրովիրուսային բուժում, իսկ այդ բուժումն էլ իր հերթին ունի անմիջական կանխար-գելիչ նշանակություն:
Շարժական կլինիկան օգտագործվելու է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից խոցելի բնակչությանը, մասնավորապես` Հայաստանի մարզերում աշխատանքային միգրանտներին ու նրանց ընտանիքներին անվճար հիմունքներով բժշկական ծառայություններ տրամադրելու համար՝ պահպանելով կամավորության ու գաղտնիության սկզբունքները: Շարժական կլինիկայի հագեցվածությունը թույլ է տալիս ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունները տրամադրել ընդհանուր բժշկական ծառայությունների փաթեթի շրջանակում, որն իր մեջ ներառում է նաև խորհրդատվություն և հետազոտություն վիրուսային հեպատիտների, սեռավարակների վերաբերյալ, խորհրդատվություն ընտանիքի պլանավորման և վերարտադրողական առողջության հարցերով, գինեկոլոգիական և մաշկավեներաբանական հետազոտություններ, ուլտրաձայնային հետազոտություն:
Դրա շնորհիվ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը կդառնա տրամադրվող ծառայությունների բաղադրիչներից մեկը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելուն խոչընդոտող որոշ բարդույթներ: Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկան զգալի ներդրում կունենա ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա