Քաղաքագետ. Այս իրադարձությունները չեն խոսում լայնամասշտաբ պատերազմի սկսման մասին
Սովորական ռազմաքաղաքական ակտիվության նշան: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությանն այսպիսի բնորոշում է տալիս և նշում, որ հետախուզական գործողություններ միշտ կատարվում են:
Այս ակտիվության փուլից հետո, ըստ նրա, մի որոշ ժամանակ հրադադար կլինի, ապա նորից կակտիվանան:
«Այս փորձերը բացի զուտ ռազմական նպատակներից, նաև քաղաքական խնդիր են լուծում. հայկական կողմին և միջազգային հանրությանը ցուցադրել, թե Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները լուրջ են: Նաև նպատակ կա Հայաստանին զիջումներ պարտադրելու, սակայն Ադրբեջանն այսքան տարի չի հասկանում, որ այդ տարբերակը չի գործում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը:
Ըստ Սերգեյ Մինասյանի, Քարվաճառի դեպքից հետո երևաց, որ մենք ինֆորմացիոն և քարոզչական դաշտում լուրջ խնդիրներ ունենք. «Մարդիկ էլ փորձում են մեկնաբանել իրադարձություններն առանց էլեմենտար պատկերացումներ ունենալու: Այդ գործողության ինֆորմացիոն ապահովումը կարելի էր ավելի լավ իրականացնել»:
Ինչ վերաբերում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ակտիվացած կրակոցներին, Սերգեյ Մինասյանը նախ ասաց, որ դա միակ հատվածն է, որ ադրբեջանական դիրքերն այդքան մոտ են: Նա հավելեց, որ զինատեսակների առումով երկու կողմերն էլ հագեցած են և այդ կրակոցները չափազանց վտանգավոր են:
«Բայց այդ իրադարձությունները չեն խոսում լայնամասշտաբ պատերազմի սկսման մասին: Այս պահին միայն նյարդային, հոգեբանական պայքար կա երկու կողմից էլ: Մյուս կողմից էլ, թվում է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի վճռական է, մեծ պատերազմի վերսկսման դեմ կոնսենսուս ունի, բայց այդպիսի տակտիկական խնդիրներին ու գործողություններին ուշադրություն չի դարձնում»,- ասաց քաղաքագետը:
Նրա բնորոշմամբ, Հայաստանը նախահարձակ հաճախ չի լինում, քանի որ մեր նպատակը պատերազմը չէ, այլ խաղաղությունը հնարավորինս պահելը. «Այն կողմը, որ սկսի ռազմական գործողությունները, ինքն էլ կրելու է դրանց պատասխանատվությունը: Ոչ ոք չի կարող ասել, որ սկսելուց հետո պատերազմն ավարտին կհասցնի իր ծրագրով: Դա է նաև պատճառոը, որ Ադրբեջանը չի սկսում պատերազմը: Անորոշության գործակիցը ռազմական գիտության մեջ ամենակարևոր էլեմնետներից է, որ զսպում է հավանական մեծ պատերազմները»: