Տիգրանակերտում վաղքրիստոնեական եզակի դամբարան է հայտնաբերվել (Լուսանկարներ)
Տիգրանակերտում հայտնաբերվել է վաղքրիստոնեական եզակի դամբարան: Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ամփոփել է 2014թ. հնագիտական պեղումների առաջին արդյունքները, տեղեկանում ենք «Տիգրանակերտ» Facebook-յան էջից:
Տիգրանակերտի 2014թ. հնագիտական պեղումները սկսվել են հունիսի 25-ին և ընթանում են երեք հիմնական տեղամասերում` Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատ, Անտիկ առաջին թաղամաս և Վաղքրիստոնեական հրապարակի հյուսիսային բակ: Պեղման ներկա մակերեսը մոտ 500 քառակուսի մետր է, միջին խորությունը` 2,5 մետր:
Հյուսիսային պարսպապատի հատվածում պարիպը 230 մետր երկարությունից ուղիղ անկյան տակ թեքվում է դեպի հարավ. ներկա վիճակում այն դեպի հարավ է ձգվում արդեն մոտ 10մ:
Ըստ Համլետ Պետրոսյանի, եթե այս ուղղությունը պահպանվի, սպասելի է Ամրացված թաղամասի ողջ պարսպապատի վերջնական տեսքի ամբողջացումը և գլխավոր մուտքի հայտնաբերումը:
Անտիկ առաջին թաղամասի նոր պեղվող վերին շերտում բացվում են նախկին համալիրների պատերի շարունակությունը, առատ անտիկ և վաղմիջնադարյան խեցեղենով:
Վաղքրիստոնեական հրապարակի հյուսիսային հատվածը վերջնական տեսքի բերելու նպատակով մաքրվում են կավե հատակներ, թոնիրներ և հորեր ունեցող 11-13-րդ դարերի բնակելի-տնտեսական համալիրները:
Այստեղ ամենակարևոր գյուտը, ըստ արշավախմբի ղեկավարի, նորաբաց երկրորդ եկեղեցու արևելյան խորանի տակ պեղվող վաղքրիստոնեական դամբարանն է:
Այն ունի արեմուտք-արևելք ուղղվածություն, համարյա քառակուսի դամբանասրահ, թաղակապ ծածկ, հյուսիսային և հարավային պատերի մեջ ներկառուցված են մասունքները տեղադրելու հատուկ երկայնական խորշեր: Ողջ կառույցն իրականացված է սրբատաշ մեծ բլոկներով՝ ամուր կրաշաղախի օգնությամբ:
Կարելի է փաստել որ այն Աղցքի արքայական դամբարանի և Ամարասի Գրիգորիսի դամբարանից հետո նման լավ պահպանված երրորդ կառույցն է հայ վաղքրիստոնեական մշակույթում:
«Հուսով ենք, որ պեղումների արդյունքները հնարավոր կդարձնեն վավերացնել այս տիպի կառույցի մի նոր հորինվածք, ինչպես նաև փաստագրել և պատմական իրական հիմքերի վրա դնել 5-րդ դարի երկրորդ կեսի Հայաղվանքի արքա Վաչագան Բարեպաշտի կրոնական ռեֆորմի իրական ընթացքն ու մանրամասներ»,- նշված է Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավարի ամփոփման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան