«Իմ ֆիլմերը ես եմ, իսկ ես հայուհի եմ». ռեժիսոր Աննա Մելիքյան
«Երևանի հետ կապը ես շատ ամուր եմ զգում: Երբ սկզբնական շրջանում կարճամետրաժ ֆիլմեր էի նկարահանում, ասում էին՝ հերթական հայկական ֆիլմը: Իմ ֆիլմերը ես եմ, իսկ ես հայուհի եմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր Աննա Մելիքյանը:
Նա պատմեց, որ ծնվել է Բաքվում, մեծացել Երևանում, հաճախել Երևանի ռուսական դպրոց: Այն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա. «Իմ մանկությունն անցել է Երևանում: Ինձ թվում է՝ ես իմ մանկությունն եմ: Դա կա իմ ֆիլմերում: Մոսկվա մեկնելուց հետո 15 տարի չէի եկել Երևան: «Ոսկե ծիրան» առաջին կինոփառատոնին մասնակցելու համար եկա: Տարօրինակ էր ինձ համար, որ ես իմ հարազատ քաղաքում հյուր եմ: Այժմ հաճախ եմ գալիս: Տեսնում եմ գեղեցիկ քաղաք, ցանկացած զբոսաշրջիկի համար այն գեղեցիկ է: Բայց ես գիտեմ, որ կա քաղաքի այլ մաս»:
Ռեժիսորը չբացառեց, որ հնարավոր է մի օր ֆիլմ նկարահանի հենց Երևանում: Իսկ այժմ ֆիլմերը նկարահանում է Մոսկվայում, քանի որ, ըստ Ա. Մելիքյանի, ապրում է Մոսկվայում, իսկ իր պատմած պատմությունները կապված են իր հետ, այն մարդկանց հետ, որոնք իր շրջապատում են:
«Ցանկանում եմ նկարահանել այլ տարածությունում: Վստահ եմ, որ այդ դեպքում այլ պատկեր կստացվի, բայց արդյունքում մշտապես Մոսկվան է ստացվում»,- ասաց նա:
Աննա Մելիքյանի խոսքով, կինոն իրեն փոխել է, իր համար նոր բացահայտումներ է անում. «Սկսում եմ պատմությունը, որը ինչ որ անիմաստ բան է լինում, բայց ընթացքում այն փոխում է ինձ, ցույց է տալիս, որ պետք է ապրել այս օրով, չմտածել վաղվա մասին, քանի որ չգիտես, ինչ կլինի վաղը»:
Աննա Մելիքյանի «Աստղ» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» երևանյան փառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում:
Ֆիլմի մասին. Երեք տարբեր կերպար, երեք տարբեր կյանք շաղկապված են խորհրդավոր ձևով՝ չհասկացված լինելուց տանջվող 15-ամյա դեռահասը, նրա գլամուրային և ամբարտավան խորթ մայրը և անտաղանդ, բայց լավատեսությամբ լի երիտասարդ դերասանուհին: Նրանց ճակատագրերը կանխորոշված չեն, իսկ կյանքերը շատ փխրուն են:
Մրցանակներ` Լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի, Սոչիի «Կինոտավր» ռուսաստանյան բաց ԿՓ, 2014:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան