Ադրբեջանը նոր առաջարկների է սպասում. «Հրապարակ»
Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ դեսպանատանը մոտ կանգնած «Հրապարակ»-ի աղբյուրները՝ Ֆրանսիայի նախագահ Օլանդի այցը տարածաշրջան առաջին հերթին պայմանավորված է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով, որպես համանախագահ երկիր՝ դոմինանտություն ստանձնելու, նախագահների հանդիպումը կազմակերպելու, գործընթացը ԵԱՀԿ ՄԽ-ի «կանտրոլի» տակ պահելու համար:
«Փարիզում Ալիևի հետ հանդիպման Օլանդի առաջարկին Սերժ Սարգսյանն առանց այլևայլության տվել է իր նախնական համաձայնությունը: Ըստ նույն աղբյուրների՝ Ալիևը, որոշակի մանևրից հետո, նույնպես համաձայնել է, սակայն որոշակի զարգացումներից, հատկապես Լավրովի Ադրբեջան այցից հետո Մահմեդյարովը ֆրանսիական և ամերիկյան կողմերին հասկացրել է, որ իրենք համաձայն են, եթե լինեն նոր, կոնկրետ, ադրբեջանանպաստ առաջարկներ: Բանն այն է, որ Օլանդը և ամերիկյան կողմն ուզում են Փարիզում ոչ միայն հանդիպում կազմակերպել, այլև անպայմանորեն ինչ-որ «թուղթ» ստորագրել տալ կողմերին, որը հայտարարությունից առավել չի լինի, և որտեղ կողմերը կվերահաստատեն կոնֆլիկտի խաղաղ լուծման իրենց համաձայնությունը: Սակայն սա չի բավարարում ադրբեջանական կողմին, որը լուրջ խաղերի մեջ է ռուսական կողմի հետ: «Այդ իսկ պատճառով էլ հանդիպումն այսքան ձգձգվում է, բայց այն անպայմանորեն կկայանա»,- հույս հայտնեցին մեր աղբյուրները»,-գրել է թերթը: