ՄԻՊ-ը առողջապահության նախարարին փաստեր է ներկայացրել
Օմբուդսմենի ներկայացուցիչներն այսօր հերթական այցն են կատարել հոգեբուժական հաստատություններ: Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Սևանի հոգեբուժարանում հայտնաբերվել է 3 անուն ժամկետանց դեղ, ինչպես նաև կտրված են եղել այլ դեղերի ժամկետների նշման հատվածները: Ժամկետանց դեղորայք է հայտնաբերվել նաև Արմաշի առողջության կենտրոնում:
«Ահա և Օմբուդսմենից խնդրված փաստեր՝ հատուկ Նախարար Արմեն Մուրադյանի համար:
Երեկ Առողջապահության նախարարությունն արդեն հնաոճ դարձած գործելաոճով էր արձագանքել մեր կողմից բազմիցս բարձրաձայնված և կրկին հնչեցված խնդիրներին: Առանձին պետական մարմինների կարող է թվալ, որ «մեկ փաստ», «գեթ մեկ փաստ» գոչելով՝ կարելի է թաքցնել սեփական համակարգային արատներն ու առանձին պաշտոնյաների վատ աշխատանքը:
Մեզ պատասխանելիս Առողջապահության նախարարությունը խնդիրներին լուծում չտալը պատճառաբանել էր Նախարարի կարճատև՝ 2 ամիս պաշտոնավարմամբ: Մինչդեռ երկու ամսում կարելի էր լուծել առնվազն հոգեբուժարաններից ժամկետանց դեղերը վերացնելու հարցը: Ավելին, սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման համար պահանջվում է ընդամենը մաքրման համապատասխան աշխատանքների կազմակերպում: Բացի այդ, մի սանհանգույցի կոսմետիկ վերանորոգումը կպահանջի տասն օրից ոչ ավելի ժամանակ և ոչ մեծ ֆինանսներ: Այսպիսով, թվարկված խնդիրների լուծումը կարիք չունի ֆինանսական հատուկ ներդրումների, երկարատև ռազմավարական լուծումների: Դրանք կարող են վերացվել բացառապես հետևողական ու իրական աշխատանքով:
Այդուհանդերձ, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր գոհունակությունն է հայտնում, որ Առողջապահության նախարարությունն ընդունում է իր մատնանշած խախտումների և թերությունների առկայությունը, և հուսով է, որ նախարարի հանձնարարականները վաղ թե ուշ կկատարվեն»,- ասվում է Պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակումներ՝
Առողջապահության նախարարությունը պատասխանում է ՄԻՊ-ին
Առողջապահության նախարարի այցից երկու ամիս անց էլ վիճակը չի բարելավվել. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա