Հետազոտություն Իրանից. Ադրբեջանցի 44 պետական պաշտոնյայից միայն մեկն է նամազ անում
«Ադրբեջանցի 44 պետական պաշտոնյայից միայն մեկն է հետևում կրոնական նորմերին, իսկ մյուսներն ընդհանրապես նամազ չեն էլ անում»,-այդ մասին նշված է իրանական «ԱՆԱՋ» լրատվական գործակալության կայքում թողարված հոդվածում:
Հոդվածի հեղինակը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու, թե Ադրբեջանի պետական պաշտոնյաների քանի՞ տոկոսն է նամազ անում կամ հետևում իսլամի կանոններին:
Համաձայն հետազոտության՝ Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության հարցերով նախարար Աբուլֆազլ Ղարաևի մամլո խոսնակը նախարարի՝ նամազ անելու և ծոմ պահելու հարցմանն ի պատասխան նշել է, որ դա նախարարի անձնական գործն է, ուստի ինքը Ղարաևի՝ կրոնական լինելու մասին տեղեկատվություն չունի:
Ադրբեջանի ՆԳ նախարար Ռամիլի Ուսուբովի և սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Ազադ Ռահիմովի գրասենյակներից էլ տեղեկացրել են, որ երբևէ չեն տեսել, որ նախարարը նամազ անի:
Հավելենք, որ օրերս իրանական ԶԼՄ-ները մի տեղեկատվություն էին հրապարակել, որտեղ նշվում էր, որ Ռամազանի օրերին մարտական առաջադրանքներ կատարող ադրբեջանցի զինվորներին ևս արգելվում է ծոմ պահել:
Նշենք, որ իսլամական աշխարհում հունիսի 29-ից սկսվում է Ռամազան ամիսը: Մուսուլմաններն այդ ընթացքում ծոմ են պահում: Հավատացյալներն արևածագից մինչև մայրամուտ ոչինչ չեն ուտում, նույնիսկ ջուր չեն խմում, իսկ այն անձինք, որոնք ծոմ չեն պահում, հասարակական վայրերում չպետք է հաց ուտեն կամ ջուր խմեն: Ռամազանի օրենքները չեն տարածվում միայն ճանապարհորդների և հիվանդ մարդկանց վրա:
Հիշեցնենք, որ Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում, հեղինակը, անդրադառնալով Ադրբեջանում իսլամի վիճակին, մասնավորապես նշել էր. «1996թ. Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այդ երկրի իսլամական կուսակցությունը լուրջ խնդրի առջև կանգնեց, իսկ նրա ղեկավարների մի մասը ձերբակալվեց, իսկ մի մասն էլ ստիպված լքեց երկիրը. Քանի դեռ, Ադրբեջանում իսլամական կուսակցության գործունեության համար բարենպաստ մթնոլորտ չի ձևավորվել, ԻՇԻՊ-ը և սալաֆիական այլ խմբավորումներն Ադրբեջանում գնալով կամրապնդեն իրենց դիրքերը»: