Քաշաթաղում անհետացած տղայի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով
Արցախում անհետացած 17-ամյա Սմբատ Ցականյանի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով: Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ԼՂՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից:
ԼՂՀ իրավապահ մարմինների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սմբատ Ցականյանի դին հայտնաբերվել էր երեկ՝ Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:
Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում չէր բացառել, որ Քարվաճառում չեզոքացված դիվերսիոն խումբը կապված լինի 17-ամյա տղայի անհետացման հետ:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին հաղորդվել էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Մեխակի Ցականյանի անհայտ կորելու մասին:
Հարակից հրապարակում`
Քաշաթաղում անհետացած 17-ամյա տղայի դին հայտնաբերվել է
Նախարարը՝ 17-ամյա տղայի անհետացման հետ դիվերսիոն խմբի հնարավոր կապի մասին