Լատվիան և եվրոպական կառույցները ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:
ԱԺ փոխնախագահի աշխատակազմից հայտնում են, որ Է. Շարմազանովը կարևորել է առաջիկայում Լատվիայի նախագահությունը Եվրոպական միությունում և հույս հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերություններին և Հայաստան-Լատվիա փոխգործակցությանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ երկխոսության շարունակականությունը:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին հայ պաշտոնյան կարևորել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ նշելով, որ հակամարտությունների կարգավորման ուղին պատերազմը չէ: Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իրականացնում է ապակառուցողական և ապակայունացնող քաղաքականություն: Դեսպանն իր հերթին նշել է , որ Լատվիան և եվրոպական կառույցները ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են:
Անդրադառնալով 1915 թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ ԱԺ փոխնախագահն ասել , որ քանի դեռ միջազգային հանրությունը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել ու չի գնահատել որպես մարդկության դեմ գործած մեծագույն չարիք, նշանակում է դեռևս չի բացառել նոր ցեղասպանությունների հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի խորացմանն առնչվող հարցեր: Կարևորվել է հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և շփման նոր եզրեր գտնելու անհրաժեշտությունը: