«Որոշ թերություններով հանդերձ այսօրվա շինություններն ավելի անվտանգ են, քան նախկինները»
1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո հասկանալի դարձավ, որ Խորհրդային միության պես մեծ երկրում սեյսմակայուն շինարարությունն ավելի թերագնահատված վիճակում էր, քան այսօր Հայաստանում. երկրաշարժից հետո առկա բոլոր նորմերը վերանայվեցին և 1994թ-ին Հայաստանն ընդունեց իր ազգային նորմերը` խորհրդային ժամանակներից եկածները վերախմբագրելով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը` հավաստիացնելով, որ այսօրվա մեր նորմերը շատ մոտ են ճապոնական նորմերին:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նորակառույց շենքերը սեյսմակայուն են ու հատկապես, եթե համեմատում ես նույն Խորհրդային միությունում կառուցվող շենքերի հետ, բանախոսը միանշանակ պնդեց, որ այսօր կառուցվող շենքերն ավելի կայուն են. «Որոշ թերություններով հանդերձ այսօրվա շինությունները մի քանի անգամ ավելի անվտանգ են, քան նախկինում կառուցվածները»:
Միևնույն ժամանակ նա ընդունեց, որ Հայաստանը, որը դասվում է սեյսմավտանգ երկրների շարքին և որտեղ տեղի ունեցող աղետների 95 տոկոսը բաժին է հասնում երկրաշարժերին, Աստված մի արասցե կարող է խնդրի առաջ կանգնել: Մասնավորապես, նա նշեց, որ ուժեղ երկրաշարժի դեպքում մայրաքաղաք Երևանի բնակֆոնդի 40 տոկոսը կարող է մասնակի կամ լիովին փլուզվել:
«Որքան խիտ է կառուցապատումը, այնքան վատ է տվյալ հատվածի սեյսմակայունությունը»,- ընդգծեց նա` հորդորելով, սակայն, վատի մասին չմտածել: