Լևոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը վերջնական չէ. Փաստաբան
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը, որով գործարարն անցնում է որպես կասկածյալ, վերջնական չէ: Այդ մասին հայտարարել է Հայրապետյանի փաստաբան Իգոր Կոմարովը:
«Քննության ընթացքում մեղադրանքը կարող է մի քանի անգամ փոփոխվել: Ես առայժմ չեմ կարող մեկնաբանություններ տալ, քանի որ գործով ներգրավված եմ ընդամենը մի քանի օր: Անգամ դեռևս չգիտեմ, թե նախաքննական մարմինը երբ է Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործ հարուցել: Գիտեմ միայն, որ քրեական գործը տնտեսական գործունեությանն է վերաբերում», -հայտարարել է Կոմարովը, փոխանցում է «Կոմերսանտը»:
Հիշեցնենք` հայազգի գործարարին ձերբակալել էին Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ:
Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Հուլիսի 15-ի երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ:
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանյան դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:
Հարակից հրապարակումներ`
Լևոն Հայրապետյանի եղբայրը քաղաքական հաշվեհարդար է համարում եղբոր ձերբակալությունը
Ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը
Լևոն Հայրապետյանի ձերբակալության և գործ հարուցելու հետևում քաղաքական պատվեր է կանգնած. Կոմանդոս
Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել