Առողջապահության նախարարը` հոգեբուժարաններում ՄԻՊ-ի հայտնաբերած խախտումների մասին
Հայաստանի առողջապահության նախարարությունը մշակում է մեխանիզմներ, որոնք կզսպեն Հայաստանում դեղերի թանկացումն այն բանից հետո, երբ ուժի մեջ կմտնի դեղերի դրոշմապիտակավորման մասին որոշումը: Այս մասին հուլիսի 17-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` նշելով, որ նախարարությունը մտահոգված է այդ հարցով և փորձում է լուծումներ գտնել:
Նա վստահեցրեց, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայումս քննարկման փուլում է, նպատակ ունի վերահսկելի դարձնել ոլորտը:
«Սակայն պետք է ամեն ինչ անել, որ պահպանվի նաև մատչելիությունը քաղաքացիենրի համար: Թեև դրանում կա հակասություն, քանի որ որքան վերահսկելի է ոլորտը, այնքան դժվարանում է գնագոյացումը, սակայն մեր ջանքերն այսօր ուղղված են նրան, որ դեղերի գները չբարձրանան և հատուկ մեխանիզմներ լինեն, որոնք կզսպեն գնաճը»,- ասաց Մուրադյանը:
Նրա խոսքով` դեղերի դրոշմապիտակավորման համար տեխնիկական խնդիրներ կան` կապված ժամկետների տեսանելիության և պիտակավորման ժամանակ ջերմաստիճանի պահպանման հետ, որոնց համար նախարարությունը լուծումներ է մշակում: Նա նաև իր մտահոգությունը հայտնեց դեղերի որակ, շրջանառության, ժամկետների պահպանման առումով:
Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչո՞ւ պետք է դեղերը պիտկավորվեն, եթե Հայաստանում այդ շուկան թափանցիկ է, Արմեն Մուրադյանը նշեց. «Թույլ տվեք չհամաձայնեմ, որ դեղերի շուկան ամենականոնակարգվածը և թափանցիկն է: Մենք մտահոգված ենք դեղերի պահպանման և դրանց ժամկետների հարցով: Տեխնիկական հարցերի շուրջ մենք ավելի առարկայական կխոսենք, երբ մեզ մոտ պատրաստ կլինի այդ ընթացակարգը, թե ինչպես պետք է իրականացնել պիտակավորումը»:
Անդրադառնալով հոգեբուժական հաստատություններում ՄԻՊ-ի հայտնաբերած խախտումներին, Ա.Մուրադյանը նշեց, որ շատ շնորհակալ է օմբուդսմենից և ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցներին նախանձախնդիր աշխատանքի համար:
«ՄԻՊ գրասենյակին շնորհակալ եմ ՀՀ առողջապահության նախարարությանը օգնելու համար: Կարծում եմ՝ մենք բոլորս նույն գործն ենք անում: Այսօր կլինեն նաև բացատրությունները հոգեբուժարանի տնօրենի կողմից ժամկետանց դեղորայքի մասին: Սակայն նրա կողմից արդեն եղած բացատրությունները վկայում են, որ ոչ թե հայտնաբերված դեղորայքն է ժամկետանց եղել, ինչպես ՄԻՊ–ը նշել է իր հայտարարությունում, այլ՝ դեղորայքի տարան: Ես խորհուրդ կտամ, որ եթե հիվանդանոցային դեղորայքի ժամկետն են նայում, նախ նայեն հիվանդանոցային դեղատան դեղերի ժամկետներին»,- ասաց նախարարը:
Այդուհանդերձ նախարարը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց ՄԻՊ գրասենյակին, ինչպես նաև յուրաքանչյուր հասարակական կառույցներին, ԶԼՄ-ներին, որոնք կուժեղացնեն իրենց վերահսկողությունն ու կաջակցեն նախարարությանը:
Նախորդող`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա