Թուրքիայի նախագահական ընտրություններն ու հայ համայնքը
Թուրքիայի նախագահի ընտրություններում թուրքագետ Գևորգ Պետրոսյանն ակնհայտ ֆավորիտ է համարում վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետը նշեց, որ Էրդողանը կայուն ընտրազանգված ունի, նրա ղեկավարած քաղաքական ուժը վերջին 10 տարիներին միշտ հաղթանակներ է տոնել: Էրդողանի ֆավորիտ լինելը թուրքագետը կապում է նաև նրա մրցակիցների հետ:
Էրդողանի հետ պայքարի են դուրս գալու ևս երկու թեկնածու: Մեկը խոշոր ընդդիմադիր կուսակցությունների միասնական թեկնածու էքմելլեդդին Իհսանօղլուն է, ում առաջադրել են Ժողովրդահանրապետական և Ազգայնական շարժում կուսակցությունները:
«էքմելլեդդին Իհսանօղլուն Էրդողանի գլխավոր մրցակիցն է, բայց այնքան էլ լավ ժողովրդականություն չի վայելում: Նրա անունը մինչև վերջերս այնքան էլ հայտնի չէր թուրքական լայն զանգվածներին: Նոր քաղաքական խաղացող է»,- ասաց նա:
Մյուս թեկնածուն՝ Սալահէդդին Դեմիրթաշը, քրդական քաղաքական ուժերի և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչն է:
Գևորգ Պետրոսյանը չի կարծում, որ Դեմիրթաշը լուրջ մրցավազքի մեջ կմտնի: Նա թուրքական զանգվածի վրա է հենվելու, ինչը, ըստ թուրքագետի, շահեկան չէ Էրդողանի համար:
«Պետք չէ բացառել, որ Էրդողանն առաջին փուլում հաղթող դուրս կգա: Եթե գործը հասնի երկրորդ փուլին, որտեղ նրա մրցակիցը կլինի Իհսանօղլուն, գործող վարչապետը դարձյալ ֆավորիտ կլինի»,- ասաց թուրքագետը:
Ինչ վերաբերում է հայ համայնքի, ըստ նրա, ճիշտ չէ ասել, թե հայ համայնքն ամբողջությամբ քուրդ թեկնածուի օգտին կքվեարկի. «Հայ համայնքը միատարր դիտելը սխալ է: Զգալի մի հատված Դեմիրթաշին ձայն կտա: Մյուս կողմից կա էրդողանը, որ որոշակի քայլեր է արել, և կարծում եմ, որ կունենա ընտրողներ հայ համայնքից: Իսանօղլուին առաջադրած կուսակցությունները հակահայ մոտեցում ունեն: Այդ տեսանկյունից հայ համայնքի համար նա ոչ նախըտրելի է: Սակայն եղել է փորձ, որ ազգայնական կուսակցություններին ևս հայերը ձայն տվել են: Այնպես, որ նա նույնպես ձայներ կստանա»,- մանրամասնեց նա:
Խոսելով թեկնածուների ծրագրերում հայ համայնքին անդրադարձի մասին, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ հայ համայնքին առանձնակի ուշադրություն չկա: Միայն Դեմիրթաշի և ծրագրում, և հայտարարություններում է ընդգծված:
«Դեմիրթաշը բաց տեքստով խոսում է Ցեղասպանության մասին, բայց այլ բան է լինել թեկնածու և խոստումներ տալ, այլ բան՝ նախագահ լինել»,- ասաց նա ու նշեց, որ հակառակ տրամադրություններ են հիմնական ընդդիմադիր թեկնածուի մոտ, և նա թուրքական ժխտողական քաղաքականությունը պաշտպանող գործիչ է:
«Էրդողանին արդեն ծանոթ ենք: Նա ժխտողական քաղաքականությունը նոր մակարդակի է բերել և շարունակելու է դա: Այնպես, որ Ցեղասպանության ճանաչման հարցում որևէ բան սպասել պետք չէ, դա է թուրքական ավանդական քաղաքականությունը: Ներկայում ես որոշակի պասիվություն եմ սպասում հայկական հարցում: Հայանպաստ գործողությունները էրդողանի շահերից չեն բխում»,- ասաց նա:
Թուրքագետը հավելեց, որ լուրջ փոփոխությունների սպասել պետք չէ, քանի, որ կա Թուրքիայի պետական շահը, որն էլ առաջ են տանելու բոլոր նախագահները: