Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել Մոսկվայի Բասմանյան դատարան: Նրան մեղադրում են «Բաշնեֆթը» վաճառելու ժամանակ ֆինանսական մեքենայություններ անելու մեջ, գրում է Росбалт-ը:
Իրավապահ մարմիններում լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման, փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին տեղի ունեցած «Բաշնեֆթ»-ի վաճառքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:
Հուլիսի 15-ի երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ:
Հիշեցնենք` հայազգի գործարարին ձերբակալել էին Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է ցմահ ազատազրկված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահ մարմինների աղբյուրները լրատվամիջոցին հստակեցրել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ:
Լևոն Հայրապետյանը արմատներով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է, Ղարաբաղում հայտնի բարերար է, նրա ֆինանսական միջոցներով հայրենի գյուղում հիվանդանոց, դպրոց, մանկապարտեզ է կառուցվել, ճանապարհներ են նորոգվել:
Հարակից հրապարակումներ`
Ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը
Լևոն Հայրապետյանի ձերբակալության և գործ հարուցելու հետևում քաղաքական պատվեր է կանգնած. Կոմանդոս