Պուտին. Պատժամիջոցները ռուս-ամերիկյան հարաբերությունները տանում են դեպի փակուղի
Պատժամիջոցները ռուս-ամերիկյան հարաբերությունները տանում են դեպի փակուղի, հասցնում նրանց շատ լուրջ հարված: Նման քաղաքականությունը վնասում է նաև ամերիկյան ժողովրդի ռազմավարական շահերին: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Ռուսաստանի մի շարք ընկերությունների և պաշտոնատար անձանց դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին՝ պայմանավորված ուկրաինական հակամարտությունում Ռուսաստանի գործողությունների հետ:
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա դրանք, որպես կանոն, ունեն բումերանգի էֆեկտ, և, անկասկած, այդ դեպքում ռուս-ամերիկյան հարաբերությունները տանում են դեպի փակուղի, հասցնում շատ լուրջ վնաս: Վստահ եմ, որ դա վնասում է ամերիկյան պետության և ամերիկյան ժողովրդի երկարաժամկետ ռազմավարական ազգային շահերին»,- նշել է Պուտինը՝ ափսոսանք հայտնելով, որ ԱՄՆ-ն գնում է նման ճանապարհով:
«Սակայն մեզ մոտ դռները փակ չեն բանակցային գործընթացի, այդ իրավիճակից դուրս գալու համար: Հուսով եմ, որ կգերակայի առողջ բանականությունը, խնդիրները դիվանագիտական միջոցներով կարգավորելու ցանկությունը»,- հավելել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: