Մարդիկ վստահ պետք է լինեն՝ բանակն իր առջև դրված խնդիրներն ամբողջությամբ կատարում է. Սեյրան Օհանյան
ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից խնդրեց իրազեկել, թե ինչպիսին է իրավիճակը Քարվաճառի շրջանում:
Ինչպես նշեց Սեյրան Օհանյանը, 1994 թվականի զինադարարի կնքումից հետո Ադրբեջանի վարած քաղաքականության պատճառով առաջին գծում պարբերաբար լարվածություն է ստեղծվում:
«Վերջին տարիներին լարվածությունը տեղափոխվել է նաև Հայաստանի հյուսիս-արևելյան շրջան՝ Տավուշի մարզ: Միաժամանակ միշտ տեղեկություններ են եղել Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման փորձերի վերաբերյալ»,- ասաց նախարարը` հավելելով, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից միջոցներ են ձեռնարկվել հնարավոր ներթափանցածներին հայտնաբերելու ուղղությամբ:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հետքեր էին հայտնաբերել, համագործակցել են ԱԱԾ-ի և ոստիկանության ստորաբաժանումների հետ, ինչի արդյունքում դիվերսիոն խմբի մեկ անդամի հայտնաբերել են: Բացի այդ, միջոցներ են ձեռնարկվել, հավելյալ անցակետեր են տեղադրվել և ստորաբաժանումներ են ուղարկվել այդ հատված: Համագործակցելով իրավապահների հետ՝ բանակը բացահայտել է դիվերսիոն խմբի բոլոր անդամներին, ովքեր եղել են Քարվաճառի հատվածում:
Նախարարի խոսքերով` Քարվաճառի ազգաբնակչության շրջանում մտավախություն կար, քանի որ, ըստ նախնական տեղեկությունների, քարվաճառցի պատանու սպանության մեջ կասկածվում է այդ խմբի անդամներից մեկը, ով վերջում է հայտնաբերվել:
«Խմբի բոլոր անդամները հայտնաբերված են, այսօր տարածաշրջանի բնակչության հետ համապատասխան գործողություններ է տանում Պաշտպանության բանակը, որպեսզի մարդիկ վստահ լինեն՝ բանակն իր առջև դրված խնդիրներն ամբողջությամբ կատարում է: Առաջին գծում ականապատման և պաշտպանության այլ միջոցառումներ են իրականացվում: Հավելյալ միջոցառումներ կիրականացվեն, որպեսզի հետագայում նման դեպքերը բացառվեն»,- ընդգծեց Ս. Օհանյանը: